
Զինա Կուրղնյանը ծնվել է Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղում՝ կրթությունն ու ինքնազարգացումը կարևորող ընտանիքում։ Նրա ընտանիքում միշտ խրախուսվել է սովորելու, մեծ մտածելու և առաջ գնալու գաղափարը, ինչը կարևոր դեր է ունեցել Զինայի ինքնության ձևավորման մեջ։ Թեև ընտանիքը երբեք չի պարտադրել որևէ մասնագիտական ուղի, նրանք մշտապես հարգել են նրա որոշումները և հնարավորություն տվել ձևավորելու սեփական ճանապարհը։
Դպրոցական կրթությունն ստացել է գյուղի դպրոցում, ավարտելուց հետո տեղափոխվել է Թբիլիսի՝ կրթությունը շարունակելու նպատակով։ Ներկայումս նա ապրում է Թբիլիսիում և սովորում Թբիլիսիի պետական համալսարանում՝ միաժամանակ ուսումնասիրելով սինոլոգիա (չինագիտություն) և քաղաքագիտություն։

Զինան ակտիվորեն ներգրավված է նաև ոչ ֆորմալ կրթության ոլորտում, նա YOUTH POWER երիտասարդական զարգացման խմբի անդամ է, Վրաստանի ուսանողական խորհրդի անդամ, ինչպես նաև մասնակցում է համալսարանի կողմից կազմակերպվող գիտաժողովներին։ Նրա համար կրթությունը չի սահմանափակվում միայն դպրոցով կամ համալսարանով․ այն շարունակական գործընթաց է, որն ուղեկցում է մարդուն ողջ կյանքի ընթացքում։
Ինչպես յուրաքանչյուրի կյանքում, Զինայի կյանքի ճանապարհին նույնպես եղել են դժվարություններ ու հիասթափություններ։
Ինչպես նշում է Զինան նա նույնպես երբեմն բախվել է ինքնավստահության պակասի, երբեմն՝ շրջապատի թերահավատ վերաբերմունքին, հատկապես ոչ սովորական մասնագիտություն ընտրելու պատճառով։ Չինարենը հեշտ լեզու չէ, սակայն հենց դա է այն դարձնում առանձնահատուկ և գրավիչ։ Լեզվի տոնային համակարգը, հիերոգլիֆային գրավոր համակարգը և մշակութային խորքային առանձնահատկությունները պահանջում են մեծ համբերություն, հիշողություն և շարունակական աշխատանք։

«Չինարենը պարզապես լեզու չէ, այն մտածողության այլ ձև է պահանջում, որտեղ կարևոր է ոչ միայն բառերի իմացությունը, այլ նաև մշակութային կոնտեքստի ընկալումը»,- նշում է Զինան։
Չնայած բոլոր բարդություններին՝ դրանք երբեք չեն կանգնեցրել նրան։ Ընդհակառակը, յուրաքանչյուր հաղթահարված դժվարություն ավելի է ամրապնդել նրա մոտիվացիան և մոտեցրել մեծ նպատակներին։
Երկրորդ մասնագիտությունը՝ քաղաքագիտությունը, ևս հեշտ ուղի չի եղել։ Սկզբնական շրջանում դժվար էր համատեղել երկու մասնագիտությունները՝ թե՛ ժամանակի, թե՛ ուսումնական ծանրաբեռնվածության առումով։ Սակայն մեծ ցանկությունն ու նպատակասլացությունը թույլ չեն տվել կանգ առնել։ Քաղաքագիտությունը Զինայի համար կարևոր է, քանի որ այն օգնում է հասկանալ աշխարհի կառուցվածքը, միջազգային հարաբերությունները և հատկապես Չինաստանի քաղաքական ու հասարակական համակարգը, որը անմիջականորեն կապված է նրա ապագա ծրագրերի հետ։

Նրա հիմնական նպատակներից մեկն է շարունակել կրթությունը արտասահմանում և ձեռք բերել միջազգային փորձառություն։ Առանձնահատուկ երազանք ունի ապագայում սովորել Չինաստանում՝ խորացնելով լեզվական գիտելիքները և տեղում ծանոթանալով չինական մշակույթին, մտածողությանը և կրթական համակարգին։
«Վստահ եմ, որ լեզուն հնարավոր չէ լիարժեք տիրապետել առանց տվյալ երկրի միջավայրում ապրելու և սովորելու»,- ասում է նա։
Բացի անձնական կրթական նպատակներից, Զինայի համար կարևոր է նաև երիտասարդների հետ աշխատանքը։ Նա ցանկանում է իր գիտելիքներն ու փորձը օգտագործել երիտասարդներին ուղղորդելու, կրթական հնարավորությունների մասին տեղեկացնելու և նրանց մոտիվացնելու համար, որպեսզի նրանք չվախենան մեծ նպատակներ դնելուց։

Ապագայում նա պլանավորում է դուրս գալ Վրաստանից՝ ավելի լայն հնարավորությունների, մրցակցային միջավայրի և մասնագիտական աճի համար։ Թեև այս պահին հստակ չէ՝ կցանկանա արդյոք ապրել Թբիլիսիում կամ այլ երկրում, նա կարևորում է կապը իր ծննդավայրի՝ Ջավախքի հետ, նույնիսկ եթե այնտեղ մշտական բնակություն հաստատելու պլաններ չունի։
Զինայի մասնագիտական ուղին համադրում է լեզուները և քաղաքական գիտությունները։ Նրա հիմնական մասնագիտությունն է սինոլոգիան՝ չինարեն լեզվի, չինական մշակույթի, քաղաքականության և գրականության ուսումնասիրությունը։ Լեզուների հանդեպ սերը նրան մղել է ընտրելու հենց ամենաբարդ ուղին։
«Երբ պետք է ընտրեի, մտածեցի՝ ուզում եմ սովորել աշխարհի ամենաբարդ լեզուն։ Չինարենը ընտրել եմ ոչ միայն դրա բարդության համար, այլ որովհետև երբեք չեմ ցանկացել ընտրել այն, ինչ ընտրում են շատերը»,- ընդգծում է նա։

Նրա համար չինարենը երբեք պարզապես մասնագիտություն չի եղել։ Առաջին իսկ դասից նա զգացել է ուժեղ կապ և սեր այս ոլորտի նկատմամբ։ Այդ ճանապարհին ամենամեծ աջակցությունը ստացել է ընտանիքից, հատկապես ծնողներից, որոնք միշտ հավատացել են նրան և աջակցել անկախ որոշումներ կայացնելուն։
Շուտով Զինան պատրաստվում է սկսել ուսումնասիրել ևս մեկ նոր ոլորտ, որի մասին այս պահին դեռ չի ցանկանում մանրամասնել։ Նա արդեն համաձայնել է մասնակցել մի կարևոր նախագծի, որը պահանջում է մեծ պատասխանատվություն և ռիսկ, սակայն վստահ է, որ այդ փորձառությունը կնպաստի նրա անձնական և մասնագիտական աճին։

Երիտասարդներին ուղղված իր խորհրդում Զինան ընդգծում է՝ կարևոր է լսել ներքին ձայնը, չվախենալ դժվարություններից, աշխատել հստակ նպատակների վրա և սիրել այն, ինչ անում ես։
«Սխալներն ու դժվարությունները հենց այն քայլերն են, որոնք կառուցում են մարդուն»,- ասում է Զինան։
Չնայած ապագան տեսնում է միջազգային հարթակում, Զինան վստահ է, որ միշտ պահպանելու է կապը իր ծննդավայրի հետ։ Նրա համոզմամբ՝ ցանկացած հաջողություն ավելի արժեքավոր է, երբ այն կիսվում է այն վայրի հետ, որտեղ սկսվել է ճանապարհը։
Խմբակ բացելու գաղափարը Ջավախքում նա դեռ չի դիտարկում որպես մոտ ապագայի ծրագիր, սակայն վստահ է, որ եթե մի օր վերադառնա, անպայման կկիսվի իր գիտելիքներով՝ ոչ միայն լեզվի, այլ նաև մշակույթի, մտածողության և միջազգային հնարավորությունների մասին։

