Վրաստանի դպրոցական կրթության բարեփոխումների ազգային հայեցակարգը հաստատվեց

Վրաստանի դպրոցական կրթության բարեփոխումների ազգային հայեցակարգը հաստատվեց

Վրաստանի կառավարությունը հաստատել է հանրակրթության համակարգի բարեփոխումների ազգային հայեցակարգը։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Փաստաթղթի համաձայն՝ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը, այլ գերատեսչությունների հետ համատեղ, պետք է ապահովի հայեցակարգով նախատեսված խնդիրների իրականացումն ու համապատասխան միջոցառումների ձեռնարկումը։

Բուն հայեցակարգի մեջ նշված է, որ Վրաստանի հանրակրթական համակարգը կանգնած է համալիր մարտահրավերների առջև։ Ըստ փաստաթղթի՝ գոյություն ունեցող համակարգը չի կարողանում լիարժեքորեն ապահովել այնպիսի կրթություն, որն աշակերտին կձևավորի որպես պետականամետ մտածողություն ունեցող, պատասխանատու և մրցունակ քաղաքացի։

«2024 թվականին՝ ուղիղ 20 տարի անց, թարմացվել է հանրակրթության ազգային նպատակների փաստաթուղթը, որն արտացոլում է այն արժեքներն ու առանցքային սկզբունքները, որոնց հիման վրա պետք է զարգանա կրթական համակարգը։ Այս նպատակների համաձայն՝ դպրոցը, հաշվի առնելով ազգային և համամարդկային արժեքները, պետք է ապահովի այնպիսի քաղաքացու դաստիարակությունը, որը կկարողանա պատասխանել ժամանակակից, արագ փոփոխվող աշխարհի մարտահրավերներին»,- նշված է կարգադրության մեջ։

Ինչ կրթական բարեփոխումներ են կատարվելու դպրոցներում

  • Բոլոր հանրային դպրոցներում կդասավանդվի միայն Կրթության նախարարության մշակած դասագրքերով,
  • Դպրոցներում աշակերտներին կարգելվի բջջային հեռախոսների օգտագործումը, իսկ առաջինից վեցերորդ դասարաններում պարտադիր կդառնան դպրոցական համազգեստները,
  • Դպրոց ընդունվել հնարավոր կլինի միայն 6 տարեկանից,
  • XII դասարանը կդառնա կամավոր, իսկ 11-րդ դասարանը կլինի մասնագիտացված։