
Օրերս կրթության նախարար Գիվի Միքանաձեն հայտարարել էր, որ նախատեսվում է միավորել Թբիլիսիի պետական համալսարանը (ԹՊՀ) և Թբիլիսիի տեխնիկական համալսարանը։ Թեմայի շուրջ Նինոծմինդայի մունիցիպալիտետից ԹՊՀ-ում սովորող ուսանողների կարծիքը պարզելու նպատակով հարցում անցկացրեցինք ուսանողների շրջանում։
Ուսանողուհուհիներից Լ․Դ-ի խոսքով՝ Թբիլիսիի տեխնիկական համալսարանի և ԹՊՀ-ի միավորումը կարող է լինել և՛ օգտակար, և՛ որոշակի դժվարություններով լի գործընթաց։ Նա նշում է, որ Տեխնիկական համալսարանն ունի զարգացած ինժեներական և տեխնոլոգիական ուղղություններ, մինչդեռ ԹՊՀ-ն առավել հայտնի է հումանիտար և բնական գիտությունների ոլորտներում։ Նրա գնահատմամբ՝ այս ուղղությունների համադրումը կարող է ուսանողներին ապահովել ավելի բազմակողմանի կրթություն։ Միավորման արդյունքում ուսանողները հնարավորություն կունենան ընտրել ավելի լայն առարկայական շրջանակ, օգտվել ժամանակակից լաբորատորիաներից, մեծ գրադարանից և փորձառու դասախոսական կազմից։
Միևնույն ժամանակ, ուսանողը շեշտում է․ «Միավորման գործընթացը կարող է առաջացնել նաև մի շարք խնդիրներ։ Երկու համալսարանների ուսումնական ծրագրերը, կանոնակարգերն ու աշխատանքային մեթոդները տարբեր են, և դրանց համատեղումը ժամանակ կպահանջի։ Հնարավոր են կազմակերպչական դժվարություններ, դասացուցակների խառնաշփոթ, ինչպես նաև ուսանողների և դասախոսների անհանգստություն։ Բացի այդ, ուսանողների թվի կտրուկ աճի դեպքում լսարանները կարող են գերծանրաբեռնվել, իսկ դասախոսները՝ չկարողանան բավարար ուշադրություն հատկացնել յուրաքանչյուր ուսանողի։ Չի բացառվում նաև ֆինանսական խնդիրների առաջացումը, այդ թվում՝ ուսման վարձերի հնարավոր բարձրացումը»,-ասում է ուսանողը։
Մեկ այլ ուսանողուհու կարծիքով՝ Թբիլիսիի պետական համալսարանը հին և պատմական կրթօջախ է՝ իր ձևավորված ավանդույթներով և ինքնուրույն ակադեմիական մշակույթով։ Նրա խոսքով՝ շատերը կարծում են, որ համալսարանը չպետք է միավորվի այլ հաստատության հետ, քանի որ այդ դեպքում կարող է կորցնել իր ինքնությունը, պատմական արժեքը և յուրահատուկ ակադեմիական մթնոլորտը։
Մեկ այլ ուսանող, իր հերթին, միավորումը գնահատում է որպես հնարավորություն՝ նշելով, որ երկու համալսարանների ուժերը համադրելու արդյունքում կարող է ձևավորվել մեկ մեծ և հեղինակավոր բուհ, որը կլինի ավելի ճանաչելի միջազգային մակարդակում։ Նրա խոսքով՝ դա կստեղծի ավելի լայն հնարավորություններ ուսանողների համար։ Օրինակ՝ տեխնիկական ուղղություններով սովորող ուսանողները հեշտությամբ կկարողանան օգտվել ԹՊՀ-ի մեծ գրադարանից կամ գիտական կապերից։ Բացի այդ, ավելի դյուրին կլինի նոր նախագծերի իրականացումը, որտեղ միաժամանակ անհրաժեշտ կլինեն ծրագրավորողների, լեզվաբանների և տնտեսագետների մասնակցությունը։
Միևնույն ժամանակ, ուսանողը նշում է նաև միավորման հնարավոր դժվարությունները։ Առաջին հերթին նա մատնանշում է թղթաբանական և համակարգչային քաոսի վտանգը․ դասացուցակները կարող են խառնվել, իսկ գնահատականների բազաները՝ դժվարությամբ համապատասխանեցվել։ Նա նաև բարձրացնում է կրթության որակի հարցը՝ նշելով, որ կա վտանգ, ըստ որի՝ եթե մի համալսարանում կրթության մակարդակը բարձր է, իսկ մյուսում՝ ավելի թույլ, ապա միավորումից հետո ընդհանուր մակարդակը կարող է դառնալ միջին, այլ ոչ թե բարձրանալ։
Մեկ այլ ուսանողուհու կարծիքով՝ միավորման դեպքում ուսումնական ծրագրերի լեզուն կարող է դառնալ չափազանց բարդ կամ, հակառակը, չափազանց պարզեցված, ինչի հետևանքով դժվար կլինի ստեղծել միասնական ուսումնական ձեռնարկներ։ Նա նաև անդրադառնում է կոռուպցիոն ռիսկերի հնարավոր մեծացմանը՝ նշելով, որ մեծ համակարգերում վերահսկողությունն ավելի բարդ է դառնում, որոշումները կենտրոնանում են փոքր խմբերի ձեռքում, ինչի հետևանքով կարող է նվազել թափանցիկությունը։ Նրա խոսքով՝ այս կարևոր խնդրի մասին քիչ է խոսվում։
Ուսանողուհին ուշադրություն է հրավիրում նաև սոցիալական խնդիրների վրա․ եթե դասերը կենտրոնացվեն մեկ վայրում կամ ֆակուլտետները տեղափոխվեն տարբեր մասնաշենքեր, մարզերից եկող ուսանողների համար կարող են ավելանալ ճանապարհի ծախսերը, առաջանալ կացարանի խնդիրներ և ժամանակի կորուստ։ Բացի այդ, նրա գնահատմամբ, միավորումից հետո դասախոսները ստիպված կլինեն հարմարվել նոր չափանիշների, անցնել վերապատրաստումներ և փոխել դասավանդման մեթոդները, ինչը շատերի համար կարող է լինել ծանր և սթրեսային գործընթաց։

