Վրաստանի տարածքով հայ բեռնափոխադրողների համար տարանցման սակագները բիզնեսի բանակցությունների հարց է, այլ ոչ՝ միջպետական հանդիպումների հարց: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վրացի տնտեսագետ, Վրաստանի վարչապետի խորհրդական Գեորգի Խուխաշվիլին՝ պատասխանելով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակության Երեւան կատարելիք այցի հնարավոր օրակարգի մասին հարցին:
Հիշեցնենք, որ Իվանիշվիլին աշխատանքային այցով Երեւանում կլինի հունվարի 17-ին: «Բեռնափոխադրումների հարցը կարեւոր է երկու երկրների համար եւ այդ առումով Վրաստանը Հայաստանի համար ռազմավարական գործընկեր է: Տրանսպորտային հարցերը, ամենայն հավանականությամբ, կարեւոր տեղ կզբաղեցնեն բանակցություններում: Այստեղ երկու երկրների միջեւ խնդիրներ չկան եւ չեն կարող լինել, ինչն էլ լավ երաշխիք է մեր հետագա հարաբերությունների բեղմնավոր զարգացման համար»,-նշեց Խուխաշվիլին:
Նշենք, որ հայ էքսպեդիտորների համար առավել խնդրահարույց հարցերից են Վրաստանի տարածքով հայկական բեռների տարանցման բարձր սակագները: Այդուհանդերձ, վրացի փորձագետի կարծիքով, նման հարցերը, առավել նպատակահարմար է քննարկել բիզնեսի մակարդակով, ոչ թե՝ պետական պատվիրակությունների:«Բեռնափոխադրումների ծառայության զարգացման մեխանիզմները, դրա որակի բարելավման հարցերը պետք է քննարկվեն ոլորտային ձեռնարկությունների միջեւ, բայց ոչ միջկառավարական բանակցություններում»,-հավելեց նա: NEWS.am