«Ամաչում եմ, որ ՀՀ-ից մարդիկ են գալիս և նման ճանապարհ են տեսնում»․ Բնակիչ

«Ամաչում եմ, որ ՀՀ-ից մարդիկ են գալիս և նման ճանապարհ են տեսնում»․ Բնակիչ

Նինոծմինդա քաղաքի բնակիչները դժգոհություն են հայտնում քաղաքի ճանապարհների անմխիթար վիճակի վերաբերյալ՝ նշելով, որ մի շարք հատվածներում ճանապարհները դարձել են դժվարանցանելի թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար։ Հատկապես այս եղանակային պայմաններում, երբ ձյունը հալչում է։

Բնակիչներից մեկի խոսքով՝ հատկապես խնդրահարույց է Նինոծմինդայի կլինիկայի հարևանությամբ, քաղաքի մուտքի մոտ գտնվող ճանապարհահատվածը։ Նրա խոսքով՝ ճանապարհի քանդված լինելը լուրջ խնդիրներ է ստեղծում ավտոմեքենաների համար, հատկապես՝ ցածր մեքենաների դեպքում։

«Ճանապարհն այնպիսի վիճակում է, որ ցածր մեքենաներով անցնելը դժվար է։ Ամաչում եմ, որ Հայաստանից մարդիկ են գալիս և հենց քաղաքի մուտքի մոտ նման ճանապարհ են տեսնում»,- նշեց բնակիչը։

Մեկ այլ բնակիչ էլ նշում է, որ ճանապարհների վատ վիճակը ոչ միայն անհարմարություն է ստեղծում, այլև վտանգավոր է դառնում հատկապես գարնան սկզբին։ Նրա խոսքով՝ ձյան հալոցքից հետո ջրերը լցվում և փակում են խոր փոսերը, ինչի հետևանքով վարորդները հաճախ վնասում են իրենց մեքենաները, իսկ հետիոտնը դժվարությամբ է տեղաշարժվում։