
Խիտ երթևեկությունը, նեղ փողոցներն ու բակային փակ տարածքները շտապօգնության բժիշկների համար այլևս խոչընդոտ չեն լինի․ Հայաստանում առաջարկվում է ներդնել շտապ բժշկական օգնության նոր ձևաչափ՝ մոտոմիավորներ, որոնք կարձագանքեն դեպքերին առավել արագ և կենսականորեն կարևոր րոպեների ընթացքում։
Նախագծի հեղինակը առողջապահության նախարարությունն է։ «Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են շտապ բժշկական օգնության ընդհանուր գծային, մանկաբուժական, վերակենդանացման, մանկաբարձական, հոգեբուժական, դիատար և այլ մասնագիտացված բրիգադներ, որոնք ենթադրում են հագեցված շտապ օգնության մեքենաների պարտադիր առկայություն, սակայն միջազգային պրակտիկայում օգտագործվում են նաև շտապ օգնության մեկ այլ, մեքենա չենթադրող` շտապ օգնության մոտոմիավորներ: Մոտոմիավորի անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակի կենսական նշանակությամբ։ Շտապ օգնության համակարգում յուրաքանչյուր րոպեն կարող է վճռորոշ լինել, իսկ խիտ երթևեկությունը, նեղ փողոցները և դժվարանցանելի բակային տարածքները հաճախ խոչընդոտում են շտապօգնության մեքենաների արագ հասնելուն։
Մոտոցիկլով աշխատող բժիշկը կարող է շրջանցել խցանումները, ճկուն անցնել ամենադժվար հատվածներով և հիվանդին հասնել զգալիորեն արագ։ Այդ արագ արձագանքումը որոշ դեպքերում բառացիորեն կյանքի արժեք ունի, հատկապես սրտի կանգի, ծանր ալերգիկ ռեակցիայի, գիտակցության խորը խանգարման կամ ուժեղ արյունահոսության ժամանակ, երբ ամեն ուշացում նվազեցնում է հաջող միջամտության հնարավորությունը»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ։ Ընդգծվում է՝ մոտոմիավորը ոչ միայն արագաշարժ է, այլև լիարժեք մասնագիտական ստորաբաժանում՝ հագեցած անհրաժեշտ սարքավորումներով, որոնք թույլ են տալիս անմիջապես սկսել հիվանդի վիճակի կայունացումը։
Բժիշկը տեղում կարող է վերահսկել կենսական ցուցանիշները, ապահովել շնչուղիների անցանելիությունը, նվազեցնել վտանգավոր արյունահոսությունը և իրականացնել առաջնային բժշկական օգնության կարևոր քայլերը․ «Սա ապահովում է, որ օգնությունը սկսվի այն պահին, երբ ամենաշատն է պետք, մինչ հիմնական շտապօգնության մեքենան դեռ ճանապարհին է»։ Նշվում է, որ մոտոմիավորը հատկապես արդյունավետ է այն միջավայրերում, որտեղ մեծ մեքենան դժվարանում է մտնել։
factor.am

