
Վերջին շրջանում Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք դպրոցներում ընթանում են վերանորոգման աշխատանքներ, մինչդեռ որոշ դպրոցներ շարունակում են փակ մնալ։
Պարզելու համար՝ արդյոք մունիցիպալիտետի տարածքում գտնվող բոլոր դպրոցների վերանորոգման ֆինանսավորումը տեղափոխվել է մունիցիպալ բյուջե, և արդյոք հենց տեղական ինքնակառավարման մարմիններն են պատասխանատու այդ աշխատանքների իրականացման համար։ Այս հարցերը պարզաբանելու նպատակով դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին։
Բացի այդ, քաղաքապետին ուղղեցինք հարցեր դպրոցների փակ շենքերի մասին՝ մասնավորապես Ժդանովական և Կաթնատու գյուղերի դպրոցների շենքերի՝ հետաքրքրվելով, թե ինչ է սպասվում և ինչ քայլեր են ձեռնարկվում։
Մեր այն հարցին՝ դպրոցների վերանորոգումը տեղափոխվել է մունիցիպալ բյուջե, թե՞ ոչ, պատասխան նամակում քաղաքապետը նշում է, որ 2025 թվականից գործում է փոխանակված իրավասությունը, որի շրջանակում Տարածաշրջանային զարգացման նախարարությունն իրականացնում է համապատասխան աջակցություն՝ դպրոցներում վերանորոգման աշխատանքների կազմակերպման իրականացման նպատակով: Դպրոցների վերանորոգման մասին համապատասխան տեղեկություն ունի նաև Կրթության գիտության նախարարությունը։ Նա նաև նշում է, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանն ունի հնարավորություն ներկայացնելու այն դպրոցների ցանկը, որտեղ վերանորոգումը առավել խիստ անհրաժեշտ է։
Քաղաքապետի փոխանցմամբ՝ Փոկա, Ղուլալիս և Օրոջալար գյուղերի դպրոցները վերանորոգվում են տարածաշրջանային զարգացման նախարարության բյուջեից։
Մեր այն հարցին, թե ինչ է սպասվում փակված դպրոցների շենքերին, մասնավորապես՝ Ժդանովական և Կաթնատու գյուղերում, Անիվարդ Մոսոյանը պատասխան նամակում նշել է, որ սպասում են նախարարության նախաձեռնությանը։ Նրա խոսքով՝ Լևան Սամխարաուլու համապատասխան եզրակացության համաձայն նշված դպրոցների շենքերը վերանորոգման ենթակա չեն, և այդ պատճառով իրենք չունեն իրավասություն միջամտելու գործընթացին։ «Սակայն նշեմ կարևորը, որ ԿԳՆ-ը սերտորեն համագործակցում է Տարածաշրջանային զարգացման նախարարության հետ և վստահ եմ որ նրանք մոտ ապագայում կգան համաձայնության ի շահ մեր ժողովրդին»,-նամակում նշում է քաղաքապետը։
Հարկ է նշել, որ վերանորոգման աշխատանքներ արդեն իսկ իրականացվում են Ղուլալիս և Օրոջալար գյուղերի դպրոցներում։ Իսկ Փոկայի դպրոցի շենքում դեռևս վերանորոգման աշխատանքները չեն մեկնարկել։
Կարդացեք նաև՝
Փոկա գյուղի հանրային դպրոցի շենքի վերանորոգման մրցույթը կայացել է
Սկսվել են Ղուլալիսի և Օրոջալարի դպրոցների վերանորոգման աշխատանքները

