
Վրաստանի բնակչության 24%-ը թոշակառուներ են` ըստ Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալների. 2025 թվականին երկրում կենսաթոշակ ստացողների թիվը կազմել է 888 հազար 500 մարդ։
Նույն Geostat-ի տվյալներով՝ Վրաստանում ապրում է ընդհանուր առմամբ 3 մլն 704 հազար 500 մարդ։
«2025 թվականին Վրաստանում կենսաթոշակ ստացողների թիվը կազմել է 888 հազար 500, որից 70.4 տոկոսը կանայք են, իսկ 29.6 տոկոսը՝ տղամարդիկ։ Կենսաթոշակ ստացողների 30.7 տոկոսը գտնվում է Թբիլիսիում, 15.5 տոկոսը՝ Իմերեթիում, 10.3 տոկոսը՝ Քվեմո Քարթլիում, 10.2 տոկոսը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 8.5 տոկոսը՝ Կախեթիում, իսկ մնացած շրջաններում՝ ընդհանուր առմամբ 24.8 տոկոսը», — նշված է Geostat-ի տվյալներում։
Սոցիալական փաթեթ ստացողների թիվը կազմել է 187 հազար 800, որոնցից 32.8 տոկոսը կանայք են, իսկ 67.2 տոկոսը՝ տղամարդիկ։ Սոցիալական փաթեթից օգտվողների 69.5 տոկոսը հաշմանդամություն ունեցող անձինք են, 17.5 տոկոսը՝ պատերազմի վետերաններ, 10.9 տոկոսը՝ կերակրողին կորցրած ընտանիքի անդամներ և 2.1 տոկոսը՝ այլ անձինք։ Սոցիալական փաթեթ ստացող հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կազմել է 134 հազար 700։ Սոցիալական փաթեթ ստացողների 27.6 տոկոսը գտնվում է Թբիլիսիում, 15.6 տոկոսը՝ Իմերեթիում, 12.6 տոկոսը՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում, 9.3 տոկոսը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, իսկ մնացած շրջաններում ընդհանուր թիվը կազմում է 34.9 տոկոս։
«2025 թվականին կենսապահովման նպաստ ստացող ընտանիքների թիվը կազմել է 129 հազար 500, իսկ սոցիալապես անապահով անձանց կարգավիճակի պահպանումը երաշխավորող «Հանրային զբաղվածության խթանման պետական ծրագրում» ընդգրկված ընտանիքների թիվը՝ 54 հազար 800», — նշված է զեկույցում։

