
Երևանը թեև պաշտոնապես դեռ չի հրապարակել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան սպասվող այցի օրակարգը, սակայն ազդարարում է, որ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարություններ են հնչելու: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը խոսեց խաղաղ միջուկային էներգիայի, անվտանգության ու «կրիտիկական հանքանյութերի» ոլորտներում հնարավոր համագործակցության մասին:
«Խոսքը ոչ միայն պղնձի մասին է, և Հայաստանի պարագայում մենք դեռևս որոշակի ուսումնասիրություններ պիտի անենք՝ հասկանալու համար, թե այս հանքանյութերից որոնք կան մեր ընդերքում, և մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգների մեր գործընկերները թե՛ իրենց տեղեկատվական շտեմարաններով, որոնք ունեն ձեռքի տակ, թե՛ հավելյալ ուսումնասիրությունների միջոցով մեզ կօգնեն, որպեսզի մենք բացահայտենք այն կարողությունները, որոնք ունենք», – նշեց փոխնախարարը:
Ամերիկյան կողմը պատրաստվո՞ւմ է Հայաստանի ընդերքն ուսումնասիրել, արդյո՞ք արդեն համաձայնություն կա՝ արտաքին գործերի նախարարի տեղակալը փակագծեր չբացեց: Վահան Կոստանյանը, սակայն, մանրամասներ ներկայացրեց խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ: Երևանն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում են փոքր մոդուլային ատոմակայան կառուցել, որն էլ պետք է փոխարինի Մեծամորի ատոմակայանի էներգաբլոկին: Առայժմ, սակայն, չեն հստակեցնում կոնկրետ, որ պետության հետ են այս ծրագիրն իրականացնելու:

