«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը նշեց Վահան Տերյանի 141-ամյակը

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը նշեց Վահան Տերյանի 141-ամյակը

Ինչպես տեղեկանում ենք ՋԱՀ-ից՝ Փետրվարի 9-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը կազմակերպել է «Բոլորիս հետ» խորագրով միջոցառում՝ նվիրված մեծ հայ բանաստեղծ, քնարերգու Վահան Տերյանի 141-րդ տարեդարձին։

Միջոցառումը համախմբել էր մշակույթի ներկայացուցիչների և բոլոր նրանց, ովքեր խորապես արժևորում են Տերյանի գրական ժառանգությունը։

Բացման խոսքում հիմնադրամի տնօրեն Էմիլյա Լալազարյանը ամփոփել է կազմակերպության 12-ամյա ճանապարհը՝ ընդգծելով, որ Ջավախքին աջակցելու գաղափարը տարիների ընթացքում վերածվել է շոշափելի արդյունքների։ Առանձնահատուկ շեշտադրվեց մշակութային ուղղությունը, որի կարևորագույն ձեռքբերումներից է Գանձա գյուղում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնումը։

2021–2025 թվականներին իրականացված եռափուլ ծրագրի շնորհիվ վերակառուցվել են ցուցասրահը, հայրական տունը և ամբողջ համալիրն՝ այն վերածելով ժամանակակից մշակութային կենտրոնի։

Հանդիսավոր ելույթներով հանդես են եկել գրականագետներ Սուսաննա Հովհաննիսյանը, Առուշան Հակոբյանը, Դավիթ Գասպարյանը և Վահան Տերյանի ծոռը՝ Գևորգ Էմին-Տերյանը։ Նրանք ներկայացրեցին բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության հետաքրքիր էջերը։

Երաժիշտ Վահագ Ռաշի կատարմամբ հնչել են Տերյանի տողերով գրված ստեղծագործություններ՝ ձևավորելով յուրահատուկ գրական-երաժշտական մթնոլորտ։