
Վրաստանի բնակչությունը նվազում է. առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի աշխատանքների շրջանակում կստեղծվի աշխատանքային խումբ՝ երկրում ժողովրդագրական խնդիրն ուսումնասիրելու և համապատասխան հանձնարարականներ մշակելու նպատակով, հայտարարել է հանձնաժողովի նախագահ Զազա Լոմինաձեն: Գրում է Ալիք մեդիան․
«Մեր երկրում, ինչպես աշխարհի շատ երկրներում, ժողովրդագրական քաղաքականությունը մարտահրավեր է, և բնակչության թիվը նվազում է։ Իշխանության գլխավոր առաջնահերթություններից մեկը ժողովրդագրության հարցն է, սակայն վերջին տարիներին՝ քովիդի համավարակից հետո, երկրում բացասական ժողովրդագրական հաշվեկշիռ է նկատվում։ Այդ իսկ պատճառով որոշեցինք հանձնաժողովում ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը նպաստող հանձնարարականներ։ Այդ հանձնարարականները կներկայացվեն Վրաստանի կառավարությանը»,- հայտարարել է Զազա Լոմինաձեն։
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ աշխատանքային խմբում խորհրդարանի անդամների հետ միասին կընդգրկվեն ներկայացուցիչներ հետևյալ կառույցներից.
• Վրաստանի կառավարության աշխատակազմ,
• Առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարություն,
• Կրթության, գիտության և երիտասարդության նախարարություն,
• Ֆինանսների, էկոնոմիկայի և արդարադատության նախարարություններ,
• Պատրիարքարան,
• ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ,
• Ազգային վիճակագրական ծառայություն (Geostat):
Աշխատանքային խմբի աշխատանքներին ժամանակավոր անդամի կարգավիճակով կմասնակցեն նաև Աջարիայի, Թբիլիսիի և Բաթումիի քաղաքապետարանները և ոլորտի փորձագետներ։

