Երեխաները կհաճախեն իրենց տանն ամենամոտ գտնվող դպրոց

Երեխաները կհաճախեն իրենց տանն ամենամոտ գտնվող դպրոց

Վրաստանում կրթական բարեփոխումների շրջանակներում սեպտեմբերից ուժի մեջ է մտնում փոփոխություն, ըստ որի` երեխաները կհաճախեն իրենց տանն ամենամոտ գտնվող դպրոց:

Փոփոխությունը վերաբերում է դպրոցում գրանցմանը՝ ըստ բնակելի-տարածքային սկզբունքի։ Այս գրանցման փոփոխությամբ աշակերտը կընդունվի իր տանը մոտ գտնվող հանրային դպրոց։

«Մենք ներդնելու ենք գրանցման փուլ ըստ բնակելի-տարածքային սկզբունքի։ Առաջին փուլում սա կիրականացվի խոշոր քաղաքներում, ապա, ըստ հարկի, կտարածվի ամբողջ երկրում», — հայտարարել է կրթության և գիտության նախարար Գիվի Միքանաձեն:

Հատկանշական է, որ փոփոխությունը վերաբերում է նաև ոչ վրացալեզու դպրոցներին, հետևաբար, հայկական դպրոցներ ևս հնարավոր է հաճախեն վրացալեզու աշակերտներ:

Թբիլիսիի միակ ամբողջովին հայկական N104 դպրոցի վրացական հատված բացվելու մասին լուրերն անհանգստացրել են շատերին, ուստի «Ալիք Մեդիա Վրաստան»-ը կապ հաստատեց դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանի հետ։

«Փոփոխությունը կվերաբերի ոչ միայն մեր, այլև բոլոր դպրոցներին Վրաստանում: Չեմ կարծում, որ դա կարող է խնդիրներ առաջացնել և ազդեցություն ունենալ դպրոցի վրա թե՛ լավ, թե՛ վատ տեսանկյունից: Կարևոր է, որ դպրոց ընդունվող աշակերտների թիվը չնվազի, ունենանք հայալեզու աշակերտներ: Մնացածը` վրացի թե այլ ազգի ներկայացուցիչներ կգան, մեզ համար խնդիրներ չի ստեղծի», — նշեց տնօրենը:

Ժամկոչյանը հավելեց, որ դասավանդման մասով ևս մարտահրավերներ չի տեսնում. «Մեր մանկավարժները` թե՛ հայազգի, թե՛ վրացի, աշակերտների դասավանդման մասով դժվարությունների չեն առնչվում. և եթե սեպտեմբերից բացվի նոր դասարան, մարտահրավերներ չեմ տեսնում»:

Նա նաև ընդգծեց, որ հնարավոր է և չբացվի` դեռ հստակ չէ, այնուամենայնիվ` դպրոցը պատրաստ է ընդունել 1-ին դասարանցիների և ունենալ վրացական հատված:

Aliq.ge