
Էլէն Կարայանը ծնվել է 2001 թվականին Ախալքալաքի շրջանի Վարևան գյուղում։ Սովորել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է Վարևանի միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո, թեև մեծ ցանկություն է ունեցել շարունակելու ուսումը, տարբեր պատճառներով չի շարունակել կրթությունը։ Նրա մանկության երազանքը իրավաբան դառնալն էր, սակայն կյանքի ընթացքում առավել հստակ է դարձել, որ իր բնածին տաղանդը ևս առանձնահատուկ տեղ ունի իր ճանապարհին։
Այսօր Էլեն Կարայանը ամուսնացած է, ունի չորս տարեկան երեխա և ապրում է Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղում։ Երեք տարի աշխատել է որպես պարուսույց Վարևան, Կորխ, Թոթխամ, Օրջա և Արագվա գյուղերում, աշխատել է նաև որպես ակումբի վարիչ։ Արդեն չորս տարի է՝ հանդես է գալիս որպես հարսնագովքի մեներգչուհի։
Էլենը նշում է, որ մայրական կողմից բոլորը երգում են, և հավանաբար իր ձայնային տվյալները ժառանգել է մայրիկից։ Իրեն տարբեր ժամանակահատվածներում պատկերացրել է տարբեր մասնագիտությունների մեջ՝ փորձելով բացահայտել այն շնորհները, որոնք, իր խոսքով, Աստված պարգևել է իրեն։
Նա սովորել և գերազանց ավարտել է Ախալքալաքի մշակույթի տան աշուղական դպրոցը։ Հաճախել է պարի խմբակների՝ նախ գյուղում, ապա դարձել է Ջավախք անսամբլի սան։ Սովորել է նաև թատերական արվեստ, ունեցել բեմական ելույթներ, հաճախել է դհոլի դասերի և ակտիվորեն ներգրավված եղել մշակութային կյանքում։
Մասնակցել է բազմաթիվ ծրագրերի և փառատոնների։ «Ջավախքի գարուն» փառատոնին մի քանի անգամ արժանացել է առաջին հորիզոնականի, առաջին տեղեր է զբաղեցրել նաև ասմունքի մրցույթներում։ Պարային համարներով ելույթ են ունեցել Բուլղարիայում, որտեղից վերադարձել են հաղթանակով։
Երգել սկսել է հինգ տարեկանից, սակայն այդ տարիներին հնարավորություն չի ունեցել լիարժեք զարգացնելու իր կարողությունները։
Երգչուհին անկեղծորեն հիշում և կիսվում է մանկության մի դրվագով՝ երբ փոքր է եղել, մայրը հաճախ ասել է. «Տեսնիս մէ օրըմ քադի ես քեզի տեսնիմ մեծ բեմերուն»։
«Հավանաբար կյանքի դժվարությունները, մայրիկիս տանջանքն ու միևնույն ժամանակ իմ՝ երգչուհի դառնալու մեծ ցանկությունը հենց այն ուժն էին, որոնք ինձ ստիպեցին երբեք չդադարել երգել։ Ես ոչ միայն սիրում և պաշտում եմ իմ մասնագիտությունը, այլև մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում դրան, որովհետև պետք է մարդկանց հետ կիսեմ թե՛ նրանց ուրախությունը, թե՛ տխրությունը»,- ասում է երիտասարդ երգչուհին։
Էլենը NOR-ի հետ զրույցում ասում է, որ հարսնագովքը հայկական ժողովրդական բանահյուսության ժանր է՝ հարսանիքների ժամանակ հնչեցվող գովերգ կամ երգ, որը նվիրված է հարսին։ Այն կատարվում է հարսի դուրս գալու, օժիտի ցուցադրման կամ նոր ընտանիք ուղեկցելու պահին՝ գովաբանելով հարսի գեղեցկությունը, բարությունը, դաստիարակությունը և բարեմաղթանքներ հղելով նորապսակներին.
«Երգը ինձ համար պարզապես մասնագիտություն չէ։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ առանց երգի չեմ կարող։ Երգը իմ կյանքն է, իմ առօրյան։ Կարելի է ասել՝ երգը իմն է, ես՝ երգինը»,- ասում է նա։
Էլենի խոսքով՝ իր ճանապարհին մեծ դեր են ունեցել մայրը և եղբայրը, իսկ ամուսնությունից հետո ամենամեծ աջակցությունն ստանում է ամուսնուց, ով մշտապես իր կողքին է։ Նա երախտագիտությամբ է հիշում նաև իր վարպետին՝ Աշուղ Ալիք Ջավախքին, ով մշտապես օգնել է իրեն։
Բացի երաժշտությունից, Էլենը սիրում է բանաստեղծություններ գրել, լեզուներ սովորել և խոհարարությամբ զբաղվել։
Ապագայի վերաբերյալ նպատակները շատ են, սակայն չի շտապում Էլենը մանրամասնել։ Նրա առաջնային ցանկությունն է խորացնել երաժշտական գիտելիքները, դառնալ կայացած և գրագետ երգչուհի, ունենալ մեծ լսարան և հանդես գալ մեծ բեմերում։
Երիտասարդներին Էլեն Կարայանը խորհուրդ է տալիս երբեք չհանձնվել․ «Ընկնելուց հետո պետք է վեր կանգնել։ Լսեք ձեր սրտին, ընտրեք այն, ինչը ձեզ հոգեհարազատ է, և մի վախեցեք դժվարություններից»։

