
NOR ռադիոկայանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում այն երիտասարդներին, ովքեր իրենց համայնքներում հանդես են գալիս նախաձեռնող, ակտիվ ու պատասխանատու գործունեությամբ։
Այդ երիտասարդների շարքում առանձնանում է նաև Վարդուհին՝ նպատակասլաց և ներշնչող անհատականություն։ Իր ակտիվ մասնակցությամբ և անսպառ եռանդով նա ոչ միայն իրականացնում է կարևոր նախաձեռնություններ, այլև կարողանում է իր շուրջ համախմբել հասակակիցներին՝ փոխանցելով հավատ, դրականություն և փոխադարձ հարգանքի մշակույթ։
Ախալքալաքի Զակ գյուղից մինչև բժշկական համալսարան՝ Վարդիշաղ (Վարդուհի) Աղաբալյանի ճանապարհը հավատքի, նպատակասլացության և ծառայության պատմություն է։ Երիտասարդ բժշկուհին իր մասնագիտությունը համարում է ոչ միայն գիտություն, այլ առաքելություն՝ մարդուն բուժելու և սրտերում սեր ու հույս սերմանելու։
Վարդիշաղ Աղաբալյանը, ում շատերը ճանաչում են որպես Վարդուհի, ծնվել է 2000 թվականին Ախալքալաքի շրջանի Զակ գյուղում։ Նա բանաստեղծ Գուրի Եթեր Ավետիսյանի թոռնուհին է։ Դեռ մանկուց նա առանձնացել է նպատակասլացությամբ և ներքին հաստատուն հավատքով։

Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը՝ նա ընդունվել է Թբիլիսի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետ, ապա ուսումը շարունակել Թբիլիսիի Պետական Բժշկական Համալսարանում՝ ընտրելով ֆիզիոթերապիայի և ռեանիմատոլոգիայի ուղղությունը։ Նրա խոսքով՝ մասնագիտության ընտրությունը պատահական չէր։
«Ես ուզեցի սովորել այնպիսի մասնագիտություն, որը անմիջական կապ կունենա մարդու թե՛ ֆիզիոլոգիական, թե՛ հոգեբանական բնույթի հետ, և այսօր կարող եմ վստահ ասել՝ ես սիրահարված եմ իմ մասնագիտությանը»։

Ուսման ճանապարհին դժվարություններ եղել են, հատկապես լեզվին լիարժեք տիրապետելու հարցում, սակայն նա չի նահանջել։
«Երբ դու ունես հստակ նպատակ և համոզված ես քո ընտրության մեջ, ամեն բան հաղթահարելի է»,– ասում է Վարդուհին՝ ընդգծելով, որ այսօր արդեն ունի բարձր արդյունքներ և համոզված է, որ կյանքը չափազանց կարճ է հիասթափությունների համար։
Վարդուհին հոգու բոլոր թելերով կապված է գրականությանը, հատկապես հայ գրականությանը։ Նրա ամենօրյա ընթերցանության անբաժան մասն է Աստվածաշունչը։ Նա զբաղվում է նաև ասեղնագործությամբ, սիրում է քայլել և այդ ընթացքում աղոթել «Վարդարանի» ջերմեռանդության աղոթքը։
«Քայլելն ու աղոթելը ինձ համար ներքին խաղաղության ճանապարհ է»,- նշում է նա։

Իր կյանքի հիմքում Վարդուհին տեսնում է հավատն ու ընտանիքը։ Նա իրեն համարում է երջանիկ մարդ, քանի որ դժվարին պահերին միշտ ունեցել է իրեն աջակցող մարդիկ։
«Առաջին հերթին շնորհակալ եմ Աստծուց, ապա՝ ծնողներիցս, հոգևոր հորս, ընտանիքիցս և ընկերներիցս։ Առանց նրանց չէի կարող հասնել այն ամենին, ինչ ունեմ այսօր»։
2024 թվականին, մայրիկի խորհրդով, նա Զակ գյուղում կազմակերպել է հոգևոր բակային ճամբար։ Նախաձեռնության նպատակն էր երեխաներին մի քանի օրով կտրել առօրյա միջավայրից և նրանց սրտերում սերմանել Աստծո խոսքը։
«Ես ինձ փոքրիկ գործիք եմ համարում Աստծո ձեռքում, և եթե Նա ինձ օգտագործում է իր սիրո համար, ուրեմն այդ սերը պետք է փոխանցեմ փոքրիկներին»,- հավելում է Վարդուհին։

Վարդուհին խորապես կապված է իր ծննդավայրին և փորձում է իր փոքր ներդրումն ունենալ գյուղում մեծացող երեխաների կրթության և դաստիարակության գործում։
«Ես հոգուս բոլոր թելերով կապված եմ հայրենիքիս հետ, հատկապես ծննդավայրիս, և ցանկանում եմ օգտակար լինել իմ գյուղին։ Ինքս լիովին գաղափարակից եմ լինում պապիկիս Գուրի Եթեր Ավետիսյանի հետ, քան որ նրա համար հայրենիքից զատ գոյություն չուներ այլ աշխարհ և այլ եդեմներ, հետևաբար լինելով նրա շարունակողը ես լինելով նրա թոռնուհին ինձ համար ևս կան երկու բացարձակ արժեքներ Աստված և Հայրենիք»,- ասում է Վարդուհին։
Երիտասարդներին նա փոխանցում է պարզ, բայց խորիմաստ խորհուրդ․ «Երբեք չվախենաք և չերկմտեք։ Հույսը դրեք Ամենակալի վրա և առաջ շարժվեք։ Կյանքը անիվի նման է, շարժման մեջ անխուսափելի են խոչընդոտները, բայց պետք չէ հիասթափվել»։
Նրա համոզմամբ՝ կրթված և զարգացած երիտասարդ սերունդը կարող է դաստիարակել նոր սերունդ՝ ամուր արժեքներով և բարձր պատասխանատվությամբ։
«Ամենակարևորը սերն է, թող մեծ սեր ունենանք Աստծո, հայրենիքի և միմյանց հանդեպ»,-այս խոսքերով ավարտեց մեզ հետ զրույցը Վարդուհին։
Վարդուհին իր օրինակով ցույց է տալիս, որ երիտասարդ լինելը պարզապես տարիք չէ, այլ պատասխանատվություն՝ համայնքի հանդեպ։ Նա իր գործունեությամբ սերմանում է սեր, համագործակցություն և միասնականություն՝ ձևավորելով առողջ ու համերաշխ միջավայր երիտասարդների շրջանում։
Այսպիսի երիտասարդներն են, որ կառուցում են գիտակից ու ուժեղ հասարակություն՝ ապագայի նկատմամբ վստահությամբ և մեծ նվիրումով։

