
Սննդի ազգային գործակալության Թբիլիսիի բաժինը կասեցրել է 7 տնտեսվարողի գործունեությունը մայրաքաղաքում գործող հանրային սննդի օբյեկտների ստուգումների արդյունքում: Գործակալության հաղորդմամբ՝ որոշման պատճառը մարդու առողջության համար վտանգավոր կրիտիկական անհամապատասխանություններն են։
Պետական վերահսկողության շրջանակներում փետրվարի 13-ին ստուգումներ են անցկացվել ընդհանուր առմամբ 19 օբյեկտում: Սննդի ազգային գործակալության տեսուչները տուգանել են 7 տնտեսվարողի և կասեցրել արտադրական գործընթացը մինչև կրիտիկական անհամապատասխանությունների շտկումը։
«Կրիտիկական անհամապատասխանությունը խախտում է, որն անմիջականորեն սպառնում է մարդու առողջությանը և կյանքին: Օրենսդրության համաձայն, նման դեպքերում օբյեկտը տուգանվում է, և արտադրական գործընթացը կասեցվում է», — պարզաբանել է Սննդի ազգային գործակալության Թբիլիսիի բաժնի ավագ տեսուչ Ալեքսանդրե Թաթարիշվիլին։
Ըստ գործող օրենսդրության՝ տնտեսվարողներին թույլատրվելու է վերսկսել իրենց գործունեությունը միայն գործակալության ներկայացրած հրահանգների լիովին կատարումից հետո։
Անհամապատասխանությունները շտկելուց հետո օբյեկտները պետք է գործակալությանը դիմեն կրկնակի ստուգում անցկացնելու համար։ Եթե ստուգայցը հաստատի, որ վտանգները վերացվել են, գործակալությունը կտրամադրի արտադրական գործընթացը շարունակելու թույլտվություն։ aliq.ge

