
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի բնակիչը լուսանկարներ է ուղարկել NOR-ի խմբագրություն՝ բարձրաձայնելով գյուղի դպրոցի վերանորոգման հետ կապված խնդիրը։
Ըստ բնակչի՝ դպրոցի տանիքը քանդվել է վերանորոգման նպատակով, սակայն աշխատանքները կիսատ են թողնվել։ Նրա փոխանցմամբ՝ հոկտեմբեր ամսից ի վեր որևէ աշխատանք չի իրականացվում, և շինհրապարակում աշխատողներ չկան։
Այս պահին Օրոջալար գյուղի երեխաները դպրոց են հաճախում Նինոծմինդայում, քանի որ գյուղի դպրոցի շենքը չի գործում։

Բնակիչները նշում են նաև, որ տեղեկություն չունեն, թե որ ընկերությունն է իրականացնում վերանորոգումը և ինչու են աշխատանքները դադարեցվել։ Նրանք ցանկանում են այս ամենը պարզել NOR-ի միջոցով։
Նշենք, որ Օրոջալարի հանրային դպրոցի վերականգնողական աշխատանքների նախագծի ընդհանուր գնահատված արժեքը՝ 495 247 լարի է ներառյալ ԱԱՀ-ն։
Ֆինանսավորման աղբյուրը՝ պետական բյուջե՝ 100%: Մրցույթը շահել էր Էներջի ՍՊԸ-ն 396 198 լարի գումարով։
Ի պատասխան բնակչի հետաքրքրություններին նշենք, որ վերջերս՝ 10.12.2025 թվականին NOR ռադիոկայանը կատարել էր հրապարակում Օրոջալարի դպրոցի վերաբերյալ և կապ էինք հաստատել Օրոջալար գյուղի դպրոցի տնօրեն` Արմենուհի Պոդոսյանի հետ ով նշել էր, որ սկսվել են դպրոցի և՛ ներսի և՛ դրսի վերանորոգման աշխատանքներ, երեխաներն էլ հաճախում են Նինոծմինդայի թիվ 2 հանրային դպրոց, տրանսպորտն էլ տրամադրում է պետությունը։
Կարդացեք նաև․
Սկսվել են Ղուլալիսի և Օրոջալարի դպրոցների վերանորոգման աշխատանքները
Քաղաքապետը` փակված և վերանորոգվող դպրոցների մասին

