Մեքենաների արգելքին վերաբերող որոշումը պետք է վերանայվի

Մեքենաների արգելքին վերաբերող որոշումը պետք է վերանայվի

«Ժողովրդի ուժ» խորհրդարանական քաղաքական խմբի նախագահ Դիմիտրի Խունդաձեի կարծիքով՝ 6 տարուց ավելի շահագործված մեքենաների արգելքին վերաբերող որոշումը պետք է վերանայվի։

Նրա հավաստմամբ` «Ժողովրդի ուժ»-ը պատրաստ է մասնակցել համապատասխան խորհրդակցությունների։

«6 տարուց ավելի հին մեքենաների արգելքի որոշումը զուրկ է որևէ տրամաբանությունից և պետք է վերանայվի։

Սա ո՛չ կապահովի ավտոպարկի թարմացումը, ո՛չ էլ կբարելավի էկոլոգիական իրավիճակը։ Ընդհակառակը, առկա հին մեքենաները կմնան շրջանառության մեջ ավելի երկար և, ավելի մեծ մաշվածության ու տարիքի պատճառով, ավելի շատ կաղտոտեն շրջակա միջավայրը։ Ավելին, կարգավորումը չի վերաբերում մեծ չափի բեռնատարներին և հատուկ նշանակության մեքենաներին, որոնք ունեն ավելի բարձր մաշվածության մակարդակ և ավելի հավանական է, որ աղտոտեն շրջակա միջավայրը։

Կարգավորումը հատուկ խնդիրներ կստեղծի այն շրջաններում, որտեղ չկա ո՛չ ներքին քաղաքային, ո՛չ էլ միջքաղաքային հասարակական տրանսպորտ։

Նման իրավիճակը հատկապես կծանրաբեռնի միջին և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներին։ Կանդրադառնա ներմուծողների վրա, որոնց գործունեությամբ, բացի եկամուտներից, աշխատատեղեր են ստեղծվում բազմաթիվ ընտանիքների համար։

Կարգավորումը բացասական ազդեցություն կունենա և պետք է վերանայվի։ «Ժողովրդի ուժ» քաղաքական խումբը պատրաստ է ներգրավվել խորհրդակցություններում», — ասել է Դիմիտրի Խունդաձեն։

Հիշեցնենք, «Վրացական երազանք»-ը նախատեսում է արգելել 6 տարուց ավելի շահագործված մեքենաների ներմուծումը։ Մասնավորապես, ապրիլի 1-ից արգելվում է M1-ի ներմուծումը, նախնական և ժամանակավոր գրանցումը։

Ոլորտը բողոքում է որոշման դեմ։ Վրաստանի ավտոներմուծողների և ավտոմեքենաների սեփականատերերի ասոցիացիան դիմել է Վրաստանի խորհրդարանին և կառավարությանը՝ չեղյալ համարելու 6 տարուց ավելի շահագործված մեքենաների ներմուծումն արգելող որոշումը։ Համապատասխան խնդրագրի համար ստորագրություններ են հավաքվում։