
Եվգենիա Տեպոյանը ռուս հարս է ախալքալաքյան ընտանիքում։ Սկեսուրը նրան սիրով կոչում է «Ժենիկ ջան»։ Իր պատմությունը նա NOR-ի հետ կիսում է՝ նշելով, որ կարծես «հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հերոսուհին լինի․ ծնվել է Սիբիրում, մեծացել և սովորել՝ Հեռավոր Արևելքում։
Վլադիվոստոկ քաղաքում նա ստացել է երկու բարձրագույն կրթություն՝ չինարեն թարգմանիչ և մշակութաբան մասնագիտություններով։ Այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, որտեղ աշխատել է չինական Zoomlion ընկերությունում՝ հաճախ գործուղվելով Չինաստան։
Սակայն կյանքի ամենակարևոր շրջադարձը տեղի է ունեցել հենց Մոսկվայում, որտեղ նա հանդիպել է ապագա ամուսնուն՝ ախալքալաքցի հայ երիտասարդին։
Տեպոյանների ընտանիքը երկար տարիներ ապրել է Ախալքալաքում։ Մոտ 35 տարի առաջ նրանք տեղափոխվել են Մոսկվա, սակայն սերտ կապ են պահպանում հայրենիքի հետ։ Սկեսրայրը տարին մի քանի անգամ այցելում է Ախալքալաք և շարունակում է ակտիվ կապը համայնքի հետ։
Արդեն ամուսնացած լինելով և ընտանիքի աջակցությամբ,Եվգենյան ընդունվել է բժշկական համալսարան, այժմ աշխատում է որպես կոսմետոլոգ և շարունակում է ուսումը Ռեավիզ համալսարանում։
Եվգենյան գրում է սիրո, փոխադարձ հարգանքի և սկեսուրի հետ ջերմ հարաբերությունների մասին։ Բլոգերուհու լսարանը ձևավորվել է ջերմ և լոյալ համայնքի շուրջ։ Նրա հետևորդների մոտ 80 տոկոսը հայեր կամ ռուսներ են, որոնք այս կամ այն կերպ կապված են Հայաստանի, նրա մշակույթի և ավանդույթների հետ։ Մեկնաբանություններում և անձնական նամակներում հաճախ անդրադառնում են նրա առոգանությանը, հայերեն խոսելու ձևին, ինչպես նաև Հայաստանի, նրա կենցաղի ու ավանդույթների հանդեպ ունեցած սիրուն։
Հայերենին Եվգենյան տիրապետում է միջին մակարդակով, սակայն շարունակաբար աշխատում է լեզվի կատարելագործման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ լեզուն ոչ միայն հաղորդակցության միջոց է, այլև ինքնության կարևոր բաղադրիչ, որը ցանկանում է պահպանել և զարգացնել ընտանիքում։
Բլոգերուհին նշում է, որ իր համար կարևոր է այդ սերը փոխանցել նաև երեխաներին՝ նրանց մեջ սերմանելով հետաքրքրություն և կապվածություն հայրենիքի նկատմամբ։ Թեև երեխաների հետ դեռևս չեն այցելել պատմական հայրենիք, նա նպատակ ունի անպայման ցույց տալ նրանց Հայաստանը, ինչպես նաև Վրաստանն ու Ախալքալաքը՝ որպես իրենց արմատների մի մաս։
Չնայած ակտիվ առցանց գործունեությանը՝ բացասական արձագանքները շատ քիչ են։ Հեյթերները, ինչպես ինքն է ասում, այնքան սակավաթիվ են, որ երբեմն կարելի է պարզապես չնկատել նրանց հաղորդագրությունների հոսքում։
Բլոգը, ընտանիքը, հիմնական աշխատանքն ու ուսումը համատեղելը հեշտ չէ, սակայն բլոգերը ընդգծում է, որ ամեն ինչ հնարավոր է դառնում ընտանիքի աջակցության շնորհիվ։ «Սկեսուրս օգնում է կենցաղային հարցերում, սկեսրայրս հոգ է տանում փոքր երեխայի մասին, տանում է խմբակների ու մանկապարտեզ և լուծում առօրյա մանր խնդիրներ։ Ընտանիքում նույնիսկ կատակով ասում ենք՝ «երկու Սամվելները» լավ են լեզու գտնում,-անկեղծանում է բլոգերուհին»։
Երիտասարդներին Եվգենիան խորհուրդ է տալիս չվախենալ միջազգայնական ամուսնություններից, չվախենալ նոր միջավայր մտնելուց, եթե լեզուն, ավանդույթներն ու կենսակերպը սկզբում անսովոր են։ Նրա խոսքով՝ ճիշտ մոտեցմամբ, բաց սրտով և մեծ սիրով հնարավոր է կառուցել ամուր ու երջանիկ ընտանիք։
«Ես ինքս վառ օրինակ եմ, որ տարբեր աշխարհներ կարող են հանդիպել և միասին ստեղծել մի հրաշալի պատմություն։ Սերը սահմաններ չի ճանաչում, իսկ փոխըմբռնումն ու հարգանքը այն դարձնում են ավելի ուժեղ»։
Ինչպես սիրում է կրկնել Եվգենյաի սկեսուրը՝ «չկա “չեմ կարող”, կա “չեմ ուզում”»։ Այս սկզբունքով էլ բլոգերուհին շարունակում է համատեղել մայրությունը, մասնագիտական զարգացումն ու առցանց գործունեությունը՝ պահպանելով կապը սեփական արմատների և մշակույթի հետ։

