Ակադեմիական հանրությունն ահազանգում է. «բարեփոխումները» կազմաքանդում են բուհական համակարգը

Ակադեմիական հանրությունն ահազանգում է. «բարեփոխումները» կազմաքանդում են բուհական համակարգը

Վերջին շաբաթներին Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն ներկայացրել է համակողմանի բարձրագույն կրթության բարեփոխումների ծրագիրը, որի նպատակն է, ըստ «Վրացական երազանք»-ի, «կառուցել ավելի արդյունավետ, աշխատաշուկային համապատասխան, կենտրոնացված պրոֆիլ ունեցող պետական համալսարաններ»

Այս բարեփոխումների առանցքում է «մեկ քաղաք — մեկ ֆակուլտետ» մոդելը, որը նախատեսում է, որ յուրաքանչյուր պետական համալսարան կենտրոնանա որոշակի ոլորտի վրա՝ ըստ դրա ավանդական ուսումնական պրոֆիլի և տնտեսական պահանջարկի: 

Համալսարանները 2026-2027 թվականներին դիմորդներին կընդունեն ըստ ներքոնշյալ համակարգի:

Թբիլիսիի պետական ​​համալսարան

  • Ճշգրիտ և բնական գիտություններ;
  • Հումանիտար գիտություններ (բացառությամբ մանկավարժության);
  • Իրավունք;
  • Տնտեսագիտություն և բիզնեսի կառավարում;
  • Սոցիալական և քաղաքական գիտություններ:

Վրաստանի տեխնիկական համալսարան

  • Ճարտարագիտական ​​և տեխնիկական առարկաներ;

Թբիլիսիի պետական ​​բժշկական համալսարան

  • Բժշկական մասնագիտություններ։

Իլիայի պետական ​​համալսարան

  • Մանկավարժական ծրագրեր;
  • STEM մասնագիտություններ՝ ABET հավատարմագրմամբ։

Սուխումիի պետական ​​համալսարան

  • Գյուղատնտեսական մասնագիտություններ;
  • Վրաց-աբխազական լեզու և գրականություն, մանկավարժություն։

Այլ համալսարաններ

Մասնագիտական ​​համալսարանները և սպորտային համալսարանը կընդունեն ուսանողներ համապատասխան մասնագիտություններով։
Բաթումիի և Քութաիսիի համալսարանները կպահպանեն իրենց բազմաֆունկցիոնալ ծանրաբեռնվածությունը։
Զուգդիդիի, Գորիի, Ախալցիխեի և Թելավիի համալսարանները կկենտրոնանան գյուղատնտեսական մասնագիտությունների, զբոսաշրջության և մանկավարժության վրա։

Վերոնշյալ հայտարարությունից հետո ամեն օր «Պաշտպանի՛ր կրթությունը: Պաշտպանի՛ր Իլիաունին» խորագրով Իլիայի պետական համալսարանի մոտ բողոքի ցույց է ընթանում։

««Վրացական երազանք»-ը կրկին հակազգային քայլ է կատարել և պետական համալսարաններից խլել է ծրագրերի մեծ մասը, այդ թվում՝ Իլիաունիից, ինչը փաստացի նշանակում է ֆակուլտետների մեծ մասի փակում»,- նշել են ցուցարարները։

Քվոտաների կրճատում

Ինչ վերաբերում է ուսանողների ընդունելության քվոտաներին, ապա Իլիայի պետական ​​համալսարանի ընդունելության քվոտան կրճատվել է գրեթե 14 անգամ: Այս տարի համալսարանը բակալավրիատի ծրագրերով կընդունի ընդամենը 300 ուսանողի, մինչդեռ անցյալ տարի Իլիայի համալսարանի քվոտան 4207 էր: Նշենք, որ անցյալ տարի համալսարանն ընդունել է 3828 ուսանողի:

Որոշման համաձայն՝ Իլիայի համալսարանը բակալավրիատի ծրագրերով կընդունի ընդհանուր առմամբ ընդամենը 300 ուսանողի և մագիստրոսի ծրագրերով 60 ուսանողի:

Այս տարի ամենամեծ քվոտան բաժին է հասել Թբիլիսիի պետական ​​համալսարանին՝ ընդունելության 6650 տեղով (անցյալ տարի ուներ 6928 տեղ) և Տեխնիկական համալսարանին՝ 3880 տեղով (անցյալ տարի ուներ 4166 տեղ):

Ընդհանուր առմամբ, պետական ​​համալսարաններ ընդունվող ուսանողների քվոտան գալիք ուսումնական տարվա համար սահմանվել է 21 հազար 300:

«Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների պարզաբանմամբ՝ քվոտաների այս նոր իրականացումը կախված կլինի աշխատաշուկայի պահանջներից։

Բարեփոխումները հարուցել են հանրային բուռն արձագանք, մասնավորապես՝ Վրաստանի բուհերի ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և կրթության ոլորտի փորձագետների շրջանում։

Ոլորտի փորձագետներն ընդգծում են փոփոխությունների մշակման ու ներդրման գործընթացում առկա ակնհայտ թերությունները։ Իլիայի պետական համալսարանի կրթության և քաղաքականության բնագավառում պրոֆեսոր Քեթի Ցոտնիաշվիլին և կրթական հետազոտող Լելա Չախաիան հրապարակել են համատեղ վերլուծություն, որը ցույց է տալիս ինչպես հայեցակարգի կազմման գործընթացը, այնպես էլ դրանում ներկայացված նախաձեռնությունները.

• Վտանգում են համալսարանների ինստիտուցիոնալ կայունությունը և խոչընդոտում բարձրագույն կրթության համակարգի զարգացումը;

• Վտանգում են ուսանողների և ակադեմիական անձնակազմի շահերի ու իրավունքների պաշտպանությունը;

• Հարվածում են (ավերում են) ինստիտուցիոնալ ինքնավարությանը և ակադեմիական ազատությանը,

• Կասկածի տակ են դնում Վրաստանի ստանձնած պարտավորություններն ու ձգտումները՝ եվրոպական ինտեգրման և Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի կատարման տեսանկյունից»։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին շեշտեց, որ սա բարեփոխում չէ. կարիքները չեն ուսումնասիրվել, և բարձրագույն ուսումնական հաստատությունները նույնպես ներգրավված չեն եղել այս գործընթացում։ Նանուաշվիլիի կարծիքով՝ այս արշավի նպատակն անկախ համալսարանների և ակադեմիական տարածքի հնազանդեցումն է.

«Իշխանությունը շարունակում է վերահսկել անկախության ու ազատության «կղզյակները», և այս անգամ հերթը հասել է բուհերին։ Այնպիսի պրակտիկա, որ մեկ քաղաքում լինի միայն մեկ ֆակուլտետ, գոյություն չունի ոչ մի երկրում, և Վրաստանի առանձնահատկությունները նույնպես հաշվի չեն առնվել։

Գործնականում տեղի է ունենում բարձրագույն կրթության օջախների կազմաքանդում, և սա ավելի շատ քաղաքական գործընթաց է»,- նշեց հանրային նախկին պաշտպանը։

Հասարակության մի մասը կարծում է, որ այս նոր մոդելով ընդունվողները ստիպված կլինեն տեղափոխվել այլ քաղաք՝ իրենց նախընտրած մասնագիտությունն ուսումնասիրելու համար, ինչն ստեղծում է անհարմարություն ուսանողների ազատ ընտրության իրավունքի առումով: 

Քաղաքական և կրթական բազմաթիվ փորձագետներ սա դիտարկում են որպես փորձ «Վրացական երազանք»-ի ազդեցության ընդլայնման և համալսարանների ինքնավարության կրճատման։ Ուսանողները և կրթության անկախ հասարակական կազմակերպություններն ակտիվորեն քննարկում են այս փոփոխությունները՝ գնահատելով դրանք ոչ միայն կրթական, այլ նաև քաղաքական հետևանքներով:

«Պատմության մեջ չկա որևէ օրինակ, երբ համալսարանների կրճատմամբ կամ վերացմամբ որևէ հասարակություն զարգացած լինի»,- գրել է Քաղաքացիական հասարակության հիմնադրամի փաստաբան Սաբա Բրաճվելին։

Նրա խոսքով՝ «Վրացական երազանք»-ը վերացնում է հանրային համալսարանների կարևորագույն ուղղություններն ու ֆակուլտետները, ոչնչացնում է հնարավորությունները, փողոց է նետում ակադեմիական անձնակազմին, տագնապալիորեն կրճատում է ուսանողների թիվը, ջնջում է նրանց ենթակառուցվածքները։

«Նրանք ապագա սերնդին տեսնում են միայն որպես ցածր որակավորում ունեցող բանվորներ, և թաղում են Վրաստանի կրթության ապագան։

Ի տարբերություն ռեպրեսիվ օրենքների՝ սա այն բարեփոխումը չէ, որով հենց վաղը որևէ մեկին կձերբակալեն։ Սա «դեֆորմացիա» է (այլանդակում), որի ողջ արհավիրքը մենք կքաղենք այն ժամանակ, երբ հետևանքները շտկելու այլևս ոչ մի շանս չի լինի։ Հարյուր հազարավոր մարդիկ կմնան առանց բարձրագույն կրթության, իսկ երկու ամսում քանդված համակարգերի վերականգնման համար տարիներ կպահանջվեն»,-գրել է նա։

Կախա Գաբունիան, որ 2010-2020 թվականներին ղեկավարել է Թբիլիսիի պետական ​​համալսարանում վրացերենի «1+4» նախապատրաստական ​​ծրագիրը, գրել է, որ այն, ինչ հայտնել է Միքանաձեն՝ աղետ է և բոլոր «կարմիր գծերի» հատում.

«Չեմ կարող պատկերացնել, որ այս աբսուրդին կրկին լռություն կհետևի։ Սա վերաբերում է բոլոր համալսարաններին, բայց առաջին հերթին՝ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանին։ Անհապաղ հրավիրե՛ք Ակադեմիական խորհրդի և Սենատի ընդլայնված նիստ։ Կամայականությանը (վոլյունտարիզմին) պետք է վերջ տրվի»։ 

«Սոցիալական արդարության կենտրոն»-ի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեի դիտարկմամբ՝ «Վրացական երազանք»-ը նպատակաուղղված ոչնչացնում է վրացական պետականության այն կարևոր և հիմնարար ձեռքբերումները, որոնք այսքան տարի կառուցում էին տեղական էլիտաներն ու հասարակությունը.

«Վրաստանի Սահմանադրությունը, որը մենք ստեղծեցինք քաղաքացիներին պաշտպանելու համար, հիմա ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են կառավարության ու միակուսակցական խորհրդարանի որոշումներով խախտում դա ու մեզնից խլում մեր իրավունքները։

Պետական ինստիտուտները, որոնք մենք այսքան տարի կառուցում էինք ու կարծում էինք, թե ստեղծված են քաղաքացիների պաշտպանության համար, այսօր լիովին զավթված են»,- գրել է նա։ 

Aliq.ge