
2026 թվականին արտագաղթի թեման շարունակում է արդիական մնալ երիտասարդների շրջանում։ Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետի երիտասարդների հետ կարճ հարցման արդյունքում պարզ դարձավ, որ շատերը մտածում են երկրից դուրս կամ մեծ քաղաքներում աշխատելու և ուսումը շարունակելու մասին։
Հարցված երիտասարդներից մեկը նշում է, որ մտածում է արտագաղթի մասին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացրել։ «Քննարկում եմ եվրոպական երկրները, որտեղ աշխատավարձն ու կյանքի որակը ավելի բարձր են, ինչպես նաև Երևանը՝ կրթական և աշխատանքային հնարավորությունների պատճառով։ Իմ կարծիքով արտագաղթի պատճառները տարբեր են, սակայն ներկայումս պատանիների շրջանում հիմնական պատճառը կրթությունն է։ Եթե մեկնեմ, ապա սկզբնական փուլում դա կլինի ժամանակավոր՝ փորձ ձեռք բերելու և ֆինանսական կայունություն ապահովելու նպատակով»,- նշում է երիտասարդը Ախալքալաքի մունիցիպալիտետից՝ հավելելով, որ պետք է բարելավվեն աշխատաշուկայի պայմանները, բարձրանան աշխատավարձերը և ստեղծվեն երիտասարդների համար իրական զարգացման հնարավորություններ, որպեսզի գյուղերից արտագաղթ չլինի, իսկ արտագաղթածները վերադառնալու որոշում կայացնեն։
Ֆ․Թ-ն Նինոծմինդայից նշում է, որ առնվազն առաջիկա 10 տարվա ընթացքում չի նախատեսում արտագաղթել, քանի որ Թբիլիսիում ունի կայուն աշխատանք, որը ներկայումս բավարարում է իր ֆինանսական կարիքները։ «Իմ կարծիքով արտագաղթի հիմնական պատճառները երեքն են՝ աշխատանքը, կրթությունը և ֆինանսական կայունությունը։ Շատերը մեկնում են ավելի բարձր աշխատավարձի կամ կայուն աշխատանքի համար։ Մյուսները մեկնում են ուսման նպատակով և հետագայում հաստատվում այնտեղ։ Կան նաև դեպքեր, երբ մարդիկ ամուսնանում են օտարերկրացիների հետ և տեղափոխվում։ Գյուղական համայնքներում հատկապես տարածված է արտագնա աշխատանքը։ Մարդկանց մի մասը որոշ ժամանակ անց վերադառնում է, իսկ մյուսները ընտանիքն էլ են տեղափոխում՝ ավելի լավ ապագայի ակնկալիքով»,- ասում է երիտասարդը։
Նա հավելում է նաև, որ արտագաղթը կախված է անհատական հանգամանքներից։ Ոմանց համար այն ժամանակավոր լուծում է՝ ֆինանսական խնդիրները կարգավորելու նպատակով։ Սակայն կան մարդիկ, որոնց համար այն դառնում է մշտական, հատկապես եթե հաջողվում է կայանալ և ապահովել ընտանիքի կայուն ապագան։ Միևնույն ժամանակ, ոչ բոլորի սպասելիքներն են արդարանում, և կան մարդիկ, որոնք ստիպված վերադառնում են։ Ըստ Ֆ․Թ-ի՝ ընդհանուր առմամբ մարդիկ կմնային երկրում, եթե լինեին ավելի բարձր աշխատավարձեր, կայուն աշխատատեղեր և սոցիալական անվտանգության ավելի բարձր մակարդակ։ «Իմ շրջապատում, հատկապես գյուղական համայնքներում, շատերն են մտածում արտագնա աշխատանքի և արտագաղթի մասին։ Մոտիվացիան հիմնականում տնտեսական է։ Ներկայումս կարծում եմ, որ կվերադառնամ գյուղ՝ մասնագիտական գիտելիքներս կիրառելու համար, սակայն դեռ մի քանի տարի ունեմ Թբիլիսիում համալսարանս ավարտելու համար։ Հնարավոր է՝ ավարտելուց հետո պլաններս փոխվեն, ուստի դժվար է հստակ ասել՝ կվերադառնամ գյուղ, թե ոչ»։
Հարցվածներից Լ․Դ-ն նույնպես մտածում է գյուղից արտագաղթի մասին, քանի որ քաղաքում ավելի շատ հնարավորություններ կան կրթության, աշխատանքի և ինքնազարգացման համար։ Նա նախընտրում է տեղափոխվել մայրաքաղաք՝ Թբիլիսի, կամ արտասահմանյան այնպիսի երկիր, որտեղ կրթական համակարգը զարգացած է և հնարավոր է լավ աշխատանք գտնել։
Ըստ ուսանողուհու՝ արտագաղթի հիմնական պատճառներն են որակյալ կրթություն ստանալը, լավ վարձատրվող աշխատանքը և մասնագիտական աճը։ «Կմնայի երկրում, եթե ունենայի բարձր վարձատրվող և իմ մասնագիտությանը համապատասխան աշխատանք, որտեղ կզգայի, որ իմ աշխատանքը գնահատվում է և ապագա ունեմ։ Այդ դեպքում արտագաղթելու ցանկություն չէի ունենա։ Սկզբում մեկնելը կարող է լինել ժամանակավոր՝ կրթության կամ փորձ ձեռք բերելու համար, իսկ հետո հնարավոր է վերադառնալ, եթե պայմանները բարելավվեն»,- ասում է երիտասարդը՝ հավելելով, որ շատերն են մտածում արտագաղթի մասին հիմնականում աշխատանքի և կրթության պատճառով, և եթե կարողանա իր մասնագիտությամբ աշխատանք գտնել գյուղում, հաստատ կվերադառնա։
Կ․Խ-ն էլ ասում է, որ գյուղերից դեպի քաղաք երիտասարդների արտագաղթը այսօր շատ նկատելի և լուրջ խնդիր է։ Նրա խոսքվ՝ մի կողմից երիտասարդները ձգտում են ավելի լավ կրթության, աշխատանքի հնարավորությունների և ակտիվ կյանքի։ Օրինակ՝ Թբիլիսիում կենտրոնացված են համալսարանները, տեխնոլոգիական ընկերությունները, մշակութային կյանքը, ինչը բնականորեն գրավում է երիտասարդներին։
Բայց մյուս կողմից՝ գյուղերը դատարկվում են։ Երբ երիտասարդները հեռանում են, գյուղում մնում են հիմնականում տարեցները, նվազում է տնտեսական ակտիվությունը, փակվում են դպրոցներ կամ մշակութային օջախներ։
«Իմ կարծիքով խնդիրը ոչ թե երիտասարդների ընտրությունն է, այլ պայմանները։ Եթե գյուղերում ստեղծվեն աշխատատեղեր, զարգանա փոքր բիզնեսը, գյուղատնտեսությունը դառնա շահավետ և հասանելի լինեն ժամանակակից կրթական ու տեխնոլոգիական հնարավորություններ, շատերը կնախընտրեն մնալ կամ նույնիսկ վերադառնալ։ Սակայն ես չեմ ցանկանում վերադառնալ գյուղ, ես այստեղ Թբիլիսիում, ունեմ իմ աշխատանքը և չեմ պլանավորում վերադառնալ այնտեղ»,-ասում է երիտասարդը։
Ա.Խ-ն էլ նշում է, որ այս պահին գյուղից քաղաք տեղափոխվելու հարցն իր համար օրակարգային չէ, քանի որ արդեն ապրում և սովորում է Թբիլիսիում։ Նրա խոսքով՝ առաջնահերթությունը մասնագիտական զարգացումն է, գիտելիքների խորացումն ու տեխնոլոգիական ոլորտում կայանալը։ Որոշումները, ինչպես ինքն է ընդգծում, պայմանավորված են ոչ թե երկրի ներսում տեղաշարժով, այլ կրթական և կարիերային առաջընթացով։
Արտերկիր մեկնելու հարցին անդրադառնալիս նա նշում է, որ մասնագիտական նպատակներով առավել հետաքրքիր կլինեն այնպիսի երկրներ, որտեղ IT ոլորտը բարձր մակարդակի վրա է զարգացած, օրինակ՝ Գերմանիան կամ Նիդերլանդները։ Նրա խոսքով՝ այդ երկրներում տեխնոլոգիական էկոհամակարգը կայուն է, գործում են միջազգային ընկերություններ, զարգացած է ստարտափ մշակույթը, և առկա են աճի լայն հնարավորություններ։ «Ինձ համար կարևոր է ոչ միայն բարձր աշխատավարձը, այլ նաև այն միջավայրը, որտեղ կարող եմ աշխատել նորարարական նախագծերի վրա և ձեռք բերել միջազգային փորձ», — նշում է նա։
Խոսելով հնարավոր արտագաղթի պատճառների մասին՝ երիտասարդը առանձնացնում է մի քանի գործոն՝ IT ոլորտում մրցունակ և բարձր վարձատրություն, միջազգային փորձառություն, մասնագիտական կապերի ընդլայնում, կայուն տնտեսական միջավայր և լայնածավալ տեխնոլոգիական նախագծերի վրա աշխատելու հնարավորություն։ Նրա համոզմամբ՝ նման որոշումը կարող է պայմանավորված լինել բացառապես ռազմավարական մասնագիտական զարգացմամբ, այլ ոչ թե պարզապես երկրից հեռանալու ցանկությամբ։
Նա ընդգծում է, որ Հայաստանում կամ Վրաստանում կմնա, եթե ապահովվեն մրցունակ աշխատավարձ, կայուն ու զարգացում ապահովող աշխատանքային միջավայր, մասնագիտական առաջընթացի հստակ հեռանկար և միջազգային նախագծերում ներգրավվելու հնարավորություն։ «Ինձ համար կարևոր է, որ աշխատանքը գնահատված լինի և ապահովի առաջընթացի իրական հնարավորություն», — ասում է նա։
Արտագաղթը, նրա գնահատմամբ, սկզբնական փուլում կարող է լինել ժամանակավոր քայլ՝ փորձ, գիտելիք և մասնագիտական կապիտալ կուտակելու նպատակով։ Սակայն հետագա որոշումը կախված կլինի պայմաններից․ եթե միջավայրը և կարիերայի հնարավորությունները լիովին համապատասխանեն իր նպատակներին, հնարավոր է, որ այն ստանա նաև մշտական բնույթ։
Նրա խոսքով՝ արտագաղթի մասին ընդհանրապես չմտածելու համար անհրաժեշտ է IT ոլորտի ավելի մեծ զարգացում տարածաշրջանում, միջազգային տեխնոլոգիական ընկերությունների աճ տեղական շուկայում, մրցունակ աշխատավարձեր, կայուն տնտեսական ու մասնագիտական միջավայր և երիտասարդների զարգացման լայն ծրագրեր։ Այս պայմանների առկայության դեպքում, ինչպես ինքն է նշում, արտագաղթի անհրաժեշտությունը զգալիորեն կնվազի։
Ա.Խ-ն փաստում է, որ երիտասարդների, հատկապես տեխնոլոգիական ոլորտում սովորողների շրջանում արտագաղթի թեման բավականին արդիական է։ Գլոբալ շուկայի բաց լինելը շատերին դրդում է միջազգային փորձ ձեռք բերելու։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, կան նաև մարդիկ, ովքեր պատրաստ են մնալ, եթե տեղական պայմանները բարելավվեն։
Գյուղ վերադառնալու հարցում նա հստակ պլաններ այս փուլում չունի, քանի որ իր մասնագիտական գործունեությունն ու զարգացումը կապված են տեխնոլոգիական և քաղաքային միջավայրի հետ։ Չի բացառվում, որ ապագայում ներգրավվի տարածաշրջանային զարգացման ծրագրերում, սակայն մշտական վերադարձը ներկայումս իր ծրագրերում չի ներառվում։

