Նինոծմինդայի մարզադպրոցի սաները՝ Վրաստանի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիրներ

Նինոծմինդայի մարզադպրոցի սաները՝ Վրաստանի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիրներ

Փետրվարի 19–22-ը Նինոծմինդայի մարզադպրոցի 10 սաներ՝ 5 տղա և 5 աղջիկ՝ մարզիչ Աշոտ Սողոյանի ուղեկցությամբ մասնակցեցին Թբիլիսիում անցկացվող Վրաստանի (U-19) երիտասարդական առաջնությանը։

Մրցումների ընթացքում Նինոծմինդայի մարզադպրոցի սաներ Մերուժան և Սարգիս Թումասյանները փայլուն հանդես եկան՝ տղաների զուգախաղերում նվաճելով բրոնզե մեդալներ և ապահովելով պատվավոր տեղ առաջնության լավագույնների շարքում։

Մարզիչ Աշոտ Սողոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գոհ է մարզիկների ցուցաբերած ակտիվությունից և նվիրվածությունից։ Նրա խոսքով՝ աղջիկների կազմում Նարե և Վարդուհի Էլոյանները ևս շատ մոտ էին մեդալ նվաճելուն, սակայն վճռորոշ խաղում Նարե Էլոյանը սայթաքման հետևանքով 3։2 հաշվով պարտություն կրեց, և նրանք կանգ առան մեդալից մեկ քայլ առաջ։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Նարե Էլոյանը նույն առաջնությունում գրանցել էր բարձր արդյունք։

Աշոտ Սողոյանը նաև ընդգծեց, որ տղաներն այս անգամ առավել արդյունավետ հանդես եկան և ցուցադրեցին բարձր պատրաստվածություն։ Նրա խոսքով՝ նման խոշոր քաղաքների՝ Թբիլիսիի և Բաթումիի ուժեղ մրցակիցների դեմ պայքարում մեդալ նվաճելը Վրաստանի առաջնությունում կարելի է համարել մարզադպրոցի համար գերազանց արդյունք։

Նինոծմինդայի մարզադպրոցի սաների հաջողությունները ևս մեկ անգամ վկայում են նպատակասլաց աշխատանքի և հետևողական մարզումների կարևորության մասին։

Թենիսիստները իրենց խորին շնորհակալությունն են հայտնում բարերար Աշոտ Նորսոյանին, ով իր եղբոր և երկու որդիների հետ միասին մշտապես աջակցում են մարզիկներին՝ տրամադրելով տարբեր մարզական գույք։ Մարզիկները շնորհակալություն են հայտնում նաև NOR ռադիոկայանին՝ մարզական միջոցառումները մշտապես լուսաբանելու համար։

Մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · Նինոծմինդայի մարզադպրոցի սաները՝ Վրաստանի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիրներ