Որոշ համեմունքներ կարող են թեթևացնել դեպրեսիան․ Frontiers

Որոշ համեմունքներ կարող են թեթևացնել դեպրեսիան․ Frontiers

Չինաստանի Նանկինի չինական բժշկության համալսարանի գիտնականների խումբը պարզել է, որ քրքումը, զաֆրանը, կոճապղպեղը, սև պղպեղը և չիլի պղպեղը ընդունակ են նվազեցնել դեպրեսիայի ախտանիշների արտահայտվածությունը։ Դա տեղի է ունենում նյարդաբորբոքման, օքսիդացիոն սթրեսի և նեյրոմեդիատորների փոխանակման վրա ունեցած ազդեցության շնորհիվ։ Հետազոտության արդյունքներով հեղինակները կիսվել են Frontiers in Nutrition ամսագրում։

Մասնագետները իրականացրել են փորձարարական և կլինիկական աշխատանքների մետաանալիզ, որոնք նվիրված են եղել ուղեղի վրա համեմունքների ազդեցությանը։ Այն ցույց է տվել, որ բուսական ակտիվ միացությունները, մասնավորապես՝ քրքումինը, կապսաիցինը և պիպերինը, օժտված են նյարդապաշտպան հատկություններով։

Սա նշանակում է, որ դրանք նվազեցնում են նյարդային հյուսվածքներում բորբոքային գործընթացները՝ իջեցնելով օքսիդացիոն սթրեսի մակարդակը և մասնակցելով սերոտոնինի ու դոֆամինի կարգավորմանը։ Վերջիններս տրամադրության հետ կապված հիմնական նեյրոմեդիատորներն են։

Փորձագետները հատուկ ուշադրություն են դարձրել «աղիքներ-ուղեղ» առանցքին: Սա երկկողմանի կապի համակարգ է աղիքային միկրոբիոտայի և կենտրոնական նյարդային համակարգի միջև: Համեմունքների առանձին բաղադրիչներն ազդում են միկրոբիոտայի կազմի վրա՝ միաժամանակ ներազդելով հուզական վիճակի վրա: Գիտնականները հիպոթեզ են առաջ քաշում նաև նեյրոպլաստիկության պահպանման գործում դրանց հնարավոր դերի մասին, այսինքն՝ ուղեղի նոր նյարդային կապեր կառուցելու ունակության հարցում:

Ի տարբերություն հակադեպրեսանտների, համեմունքները սպառվում են փոքր չափաբաժիններով՝ սովորական սննդակարգի կազմում: Սա մեղմ և բազմակողմանի ազդեցություն է ապահովում՝ անվտանգության բարենպաստ պրոֆիլի պայմաններում: Սակայն մասնագետները շեշտում են, որ ակտիվ նյութերի կենսամատչելիությունը, դրանց չափաբաժինը, արդյունավետությունը և կողմնակի ազդեցությունների հավանականությունը հետագա հետազոտությունների կարիք ունեն: