Կստուգվի սոցիալապես անապահովների բազան․Ստուգված 300-ից 49-ն ունեցել են 3000 լարիից ավելի եկամուտ

Կստուգվի սոցիալապես անապահովների բազան․Ստուգված 300-ից 49-ն ունեցել են 3000 լարիից ավելի եկամուտ

Ամբողջությամբ կստուգվի սոցիալապես անապահովների բազան, և այդ բազայում վերջնական արդյունքում կմնան այն քաղաքացիները, որոնք իրապես դրա կարիքն ունեն, լրագրողներին հայտնել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեն ասել է, որ սոցիալապես անապահովների բազայի վերստուգումը շատ կարևոր գործընթաց է, քաղաքականապես բավականին ցավոտ է, և հենց դրա պատճառով էր, որ տարիներ շարունակ այդ հարցում զսպված դիրքորոշում կար։

«Հիշում եք, օրինակ, եթե չեմ սխալվում 2014-2015 թվականներին, երբ սկսվեց բազաների որակական վերստուգումը, մեծաթիվ շահարկումներ հետևեցին այդ գործընթացին. հայտարարում էին, թե անարդարացիորեն զրկվել են սոցիալական օգնությունից և այլն։ Այստեղ նույնպես սպասելի են նման քաղաքական շահարկումներ, սակայն իրավիճակն այնպիսին է, որ 2020 թվականից հետո սոցիալական բազաների վերստուգման վրա կարծես մի տեսակ մորատորիում լիներ։ Դա որոշում չէր, պարզապես այնպես էր ստացվում, որ ըստ էության այդ գործընթացը չէր սկսվել։ 2020 թվականին Քովիդի պատճառով սոցիալապես անապահովների բազան մեծացավ, և դրանից հետո այդ բազայի վերստուգում այլևս չէր իրականացվում։ Արդյունքում ստացանք հետևյալը՝ գերատեսչություններից մեկը պատահական ընտրանքի սկզբունքով ստուգել է սոցիալական օգնություն ստացող 300 անձի, և նրանցից 49-ի մոտ հայտնաբերվել է 3000 լարիից ավելի եկամուտ։

Տեսնում ենք, թե ինչ վիճակ է, հետևաբար մենք սկսում ենք համապատասխան գործընթացը. կստուգվի սոցիալապես անապահովների ամբողջ բազան, և այդ բազայում վերջնական արդյունքում կմնան այն քաղաքացիները, որոնք իրապես դրա կարիքն ունեն։
Ես պարզ ձևով կարող եմ հիշեցնել՝ աղքատության ցուցանիշը 21,3 տոկոս էր 2020 թվականին, երբ բազան մեծացավ, և դադարեցվեց դրանց վերստուգումը, իսկ 2024 թվականի տվյալներով՝ աղքատության ցուցանիշը 9,4 տոկոս է։ Համապատասխանաբար, թարմացման գործակիցը բարձր կլինի, բայց թե քանիսը և ինչպես կլինի, չեմ կարող ասել։ Առողջապահության նախարարությունը կիրականացնի համապատասխան գործընթացը, և դրանից հետո պարզ կդառնա, թե քանիսը կմնան բազայում և քանիսը՝ ոչ»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։