
Լուսանկարը ախիվից․
Նինոծմինդայի մունիցիպալիտետում ավարտվել են «Գյուղին աջակցություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպումները։ Քննարկումներին մասնակցել են համայնքային իշխանության ներկայացուցիչները՝ Ավագանու նախագահ Վահան Արոյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը և այլ պաշտոնյաներ։
Քննարկումների արդյունքում մի շարք համայնքներում արդեն հստակեցվել են առաջիկա ծրագրերն ու նախատեսվող քայլերը։ Այնուամենայնիվ, կան նաև գյուղեր, որտեղ դեռևս վերջնական որոշում չի կայացվել՝ ինչ նպատակով է ծախսվելու հատկացված գումարը։ Այդ համայնքներում քննարկումները դեռևս շարունակվում են։
Առաջիկա հրապարակումներում NOR ռադիոկայանը կանդրադառնա այս թեմային՝ ներկայացնելով ավելի մանրամասն տեղեկատվություն յուրաքանչյուր համայնքի վերաբերյալ թե որ գյուղում ինչ որշում է կայացվել։
Նախնական կերպով NOR-ը փորձեց պարզել, թե օրինակ Հեշտիայի գյուղական համայնքում ինչ առաջարկություններ են եղել բնակիչների կողմից։
Ինչպես տեղեկացանք համայնքի պատգամավոր Եգոր Քոթոյանից, տեղի են ունեցել ակտիվ քննարկումներ։
Հեշտիա գյուղում բնակիչները առաջարկել են խմելու ջրի ապահովման համար ձեռք բերել պոմպ, ինչպես նաև մինի մարզադաշտի համար ցանց տեղադրել, որպեսզի խաղերի ընթացքում գնդակը դուրս չգա բնակելի տարածքներ և չխանգարի երիտասարդների մարզումներին։ Թորիա գյուղում քննարկումների ընթացքում բնակիչները ցանկացել են գյուղում մարզական համալիր կառուցել։
Ուջմանա գյուղում ծրագրի շրջանակներում ներկայացված առաջարկները դեռ քննարկման փուլում են, և վերջնական որոշում չի կայացվել։
Ղաուրմա գյուղում բնակիչները ցանկություն են հայտնել հատկացված միջոցներով ընդլայնել գյուղի գերեզմանատան ցանկապատը։
Անդրադառնալով աշխատանքների մեկնարկի ժամկետներին՝ Եգոր Քոթոյանը նշեց, որ այս պահին դրանց մասին խոսելը դեռ վաղ է։ Նրա խոսքով՝ նախ անհրաժեշտ է հայտարարել մրցույթ, կազմել համապատասխան նախագիծ, ինչպես նաև չի բացառվում, որ որոշ ծրագրերի իրականացման համար հատկացված գումարը բավարար չլինի, և լրացուցիչ միջոցներ տրամադրվեն տեղական բյուջեից։
«Այս բոլոր փուլերից հետո միայն հնարավոր կլինի խոսել աշխատանքների մեկնարկի մասին»,- նշեց Եգոր Քոթոյանը։
Նշենք, որ «Գյուղերին աջակցման» ծրագրի գումարի ընդհանուր չափը անփոփոխ է և կազմում է 444 հազար լարի։

