Դժվարություններից մինչև գրական ուղի․ Ռիմա Մկրտչյանի ստեղծագործական կյանքը

Դժվարություններից մինչև գրական ուղի․ Ռիմա Մկրտչյանի ստեղծագործական կյանքը

Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղում ապրող 65-ամյա Ռիմա Մկրտչյանը ստեղծագործում է դեռևս 10 տարեկանից։ Չնայած կյանքի դժվարություններին՝ նա շարունակել է գրել, ստեղծել ու իր խոսքը հասցնել ընթերցողին։

Ռիման ծնվել է 1961 թվականին։ Վաղ հասակում կորցրել է հորը և մեծացել մոր խնամակալության ներքո։ Սոցիալապես անապահով լինելու պատճառով չի կարողացել շարունակել ուսումը բուհում․ «Ես շատ էի նեղվում ու ափսոսում, որ չեմ հասել այն բարձունքներին, որտեղ ինձ արժանի տեղ կունենայի, և այսօր հպարտությամբ կխոսեյի այդ մասին»,-ասում է բանաստեղծուհին։

Սովորել է Փոկայի միջնակարգ դպրոցում, որն այն տարիներին 10-ամյա էր, և ստացել է 10-ամյա կրթություն։ Դպրոցական տարիներից առանձնահատուկ սեր է ունեցել լեզվի, գրականության և պատմողական առարկաների նկատմամբ։

Չնայած կրթությունը բուհում շարունակելու հնարավորություն չի ունեցել, ստեղծագործելու ձգտումը երբեք չի լքել նրան։ Առաջին հեղինակային գիրքը՝ «Կյանքի Կանչը», լույս է տեսել, երբ նա արդեն 58 տարեկան էր։ Ռիմա Մկրտչյանը նաև 11 գրքի համահեղինակ է։

«Կյանքի կանչ» գրքի անվանումը հեղինակը ինքն է ընտրել։ Նրա խոսքով՝ այն խորհրդանշում է կյանքի մի կարևոր շրջադարձ։ Ասես ուշացած ճամփորդի նման՝ ամեն ինչից հետ մնալուց հետո, նա վերջապես կրկին լսել է կյանքի կանչը։ Կյանքը նրան նորից հետ է կանչել և բացել մի լուսավոր դուռ, որից այսօր նա մուտք ու ելք է անում դեպի գրական աշխարհ։

Առաջին տպագրված հեղինակային գիրքը, ինչպես նաև համահեղինակային «Կյանքս Արցախին, Պատիվս Ջավախքի իմ Փոգային» գիրքը տպագրվել են Նաիրի Մկրտչյանի հովանավորությամբ։ Մնացած գրքերը հրատարակվել են ինքնահովանավորմամբ։

Բանաստեղծուհին NOR-ի հետ զրույցում նշում է, որ երբեք չի վաճառել իր գրքերը։ Թեպետ տպագրված գրքերը ունեն վաճառքի իրավունք, սակայն յուրաքանչյուր հատորը տպագրվել է փոքր քանակով։ Այդ պատճառով նա նախընտրել է գրքերը նվիրել՝ գյուղի գրադարանին, դպրոցի ողջ անձնակազմին և այլոց։ Նրա խոսքով՝ եթե տպաքանակը մեծ լիներ, հնարավոր է մտածեր վաճառքի մասին, որպեսզի կարողանար հավաքած մյուս նյութերն էլ տպագրել։

Ստորև տեսանյութում Ռիմա Մկրտչյանի թոռնուհին ներկայացնում է բանաստեղծուհու ձեռքբերումների մասին՝

«Այս տիկինը մեր գրողների միության նախագահ Մելսիդա Հակունցն է նվիրում ինձ։ Երևանանում եմ»,-մեկնաբանում է նկարը բանաստեղծուհին։