Թրամփը խոստացել է «երբևէ չտեսնված» հարվածներ հասցնել Իրանին Թեհրանի պատասխանի դեպքում

Թրամփը խոստացել է «երբևէ չտեսնված» հարվածներ հասցնել Իրանին Թեհրանի պատասխանի դեպքում

Միացյալ Նահանգները երբևէ «չտեսնված ուժով» կհարվածի Իրանին, եթե Թեհրանը սրի ռազմական գործողությունները, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ «ծանր և նպատակային ռմբակոծությունները» կշարունակվեն ամբողջ շաբաթվա ընթացքում կամ ավելի երկար։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը X հարթակում գրել է, որ «իրանական ռեժիմը հնարավորություն ուներ, սակայն հրաժարվեց համաձայնության գալ և այժմ կրում է դրա հետևանքները»։

Իր հերթին Իրանը վրեժխնդրությունը համարում է իր «պարտականությունն ու օրինական իրավունքը»: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Փեզեշքիանն ասել է, որ Խամենեիի և իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանության համար վրեժ լուծելը երկրի «պարտականությունն ու օրինական իրավունքն» է։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը արդարադատություն փնտրելը և այս պատմական հանցագործությունը կատարածներից ու պատվիրատուներից հատուցում պահանջելը համարում է իր պարտականությունն ու օրինական իրավունքը, և այն իր ողջ ուժը կնվիրի այս մեծ պատասխանատվությունն ու պարտավորությունը կատարելուն»,- ասել է Իրանի նախագահը։

Azatutyun.am