Նինոծմինդայում տեղի ունեցավ «Վերնատուն» գրքի շնորհանդեսը

Նինոծմինդայում տեղի ունեցավ «Վերնատուն» գրքի շնորհանդեսը

Փետրվարի 28-ին Նինոծմինդայի «Ռաֆայել-Ջավախ» կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցավ կարևոր մշակութային իրադարձություն՝ Ժորա Սնխչյանի հիշատակին նվիրված «Վերնատուն» տարեգրքի շնորհանդեսը։

Տարեգիրքը նվիրվում է վիրահայ գրող, «Վերնատան» հիմնադիր նախագահ երջանկահիշատակ Գևորգ (Ժորա) Սնխչյանին՝ ի նշան երախտագիտության և խոնարհումի իր կատարած դժվարին ու բարդ աշխատանքի, անցած գրական, մշակութային բեղմնավոր գործունեության։

Միջոցառումը համախմբել էր մտավորականների, մշակույթի գործիչների, ուսուցիչների, երիտասարդների և գրականության սիրահարների։ Դահլիճում տիրում էր հուզիչ և միաժամանակ ջերմ մթնոլորտ, քանի որ նրանք եկել էին ոչ միայն ներկա լինելու գրքի շնորհանդեսին, այլև հարգանքի տուրք մատուցելու Ժորա Սնխչյանի հիշատակին։

Բացման խոսքով հանդես եկավ Սաթենիկ Սնխչյանը՝ Ժոռա Սնխչյանի կինը։ Նա ներկայացրեց մանրամասներ «Վերնատուն» գրքի մասին, իր երախտիքի խոսքը հայտնեց ներկա գտնվողներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց գրքի տպագրմանը աջակցողներին։

«Վերնատուն» տարեգիրքը ներկայացնում է համայնքի մշակութային կյանքի կարևոր դրվագները, գրական ստեղծագործություններ, հուշեր և վերլուծական նյութեր։ Այն միաժամանակ փաստագրական արժեք ունի և խորհրդանշում է Ջավախքի հոգևոր-մշակութային կյանքի շարունակականությունը։ Գրքի էջերում տեղ են գտել Ժորա Սնխչյանի գործունեությանը վերաբերող նյութեր, նրա թողած ժառանգության գնահատականները և անձնական հուշեր։

Շնորհանդեսի ընթացքում ելույթներով հանդես եկան գրողներ Ալբերտ Իսոյանը, Հովհանես Մարիկյանը և Նազելի Բաբաջանյանը։ Նրանք ընդգծեցին, որ նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն ազգային ինքնության պահպանման, մշակութային ժառանգության փոխանցման և երիտասարդ սերնդի կրթամշակութային դաստիարակության գործում։

Միջոցառումը հագեցած էր նաև գեղարվեստական հատվածներով, հնչեցին բանաստեղծություններ, երաժշտական կատարումներ, ընթերցումներ։ Յուրաքանչյուր ելույթ իր մեջ կրում էր խորին հարգանք և գնահատանք Ժորա Սնխչյանի հանդեպ։

Նինոծմինդայի համայնքը արժևորում և շարունակում է իր մտավորականների թողած հարուստ ժառանգությունը։

Միջոցառման ավարտին Սաթենիկ Սնխչյանը սահմանափակ քանակությամբ «Վերնատան» տարեգրքերից նվիրեց ներկա գտնվողներին։

Գրքի հրատարակությունը հովանավորել է «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Շիրակ Թորոսյան)»: