
Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և աջակցել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» պլանավորված փոփոխություններին, որոնց գործողության արդյունքում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար գործող տուգանքներն ավելանում են, իսկ պատասխանատվությունը խստանում է։
Խոսքը վերաբերում է Ներքին գործերի նախարարության մշակած օրենքի նախագծին, որը խորհրդարան էր ներկայացվել անցյալ տարվա նոյեմբերին։ Երկրորդ ընթերցման շրջանակներում որոշակի հոդվածներ կրկին մշակվել են։
Օրենսդրական փոփոխությունների փաթեթի համաձայն՝
100 լարիով կավելանա տուգանքը տրանսպորտային միջոցի ճանապարհին մանևրելու կանոնների խախտման համար։ Միաժամանակ, այս իրավախախտման համար վարորդական վկայականին շնորհված միավորների քանակը կկրճատվի 20 միավորով։
50-ից 100 լարիով կավելանա պատժամիջոցը 15 կմ/ժ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 40 կմ/ժ արագության գերազանցման համար։
50 լարիով կավելանա պատժամիջոցը, եթե ավտոմեքենայով երթևեկելիս վարորդը կամ ուղևորն անվտանգության գոտի չօգտագործեն։
Միաժամանակ, այս իրավախախտման համար վարորդական վկայականին շնորհված միավորների քանակը կկրճատվի 10 միավորով։
50 լարիով կավելանա պատժամիջոցը, եթե ավտոմեքենա վարելիս վարորդը բջջային հեռախոսը գործածի։
Կանգառ-կայանման կանոնների խախտման համար, Թբիլիսիի նմանությամբ, 50 լարիով կավելանա տուգանքի չափը Քութաիսիի, Բաթումիի, Մցխեթայի, Ռուսթավիի, Գորիի, Թելավիի, Փոթիի, Ախալցիխեի, Զուգդիդիի մունիցիպալիտետներում և Վրաստանի առողջարաններում։
Լրացուցիչ պատասխանատվություն է սահմանվում «BUS LANE»-ի վրա երթուղային տրանսպորտային միջոցից բացի այլ տրանսպորտային միջոցի հակառակ ուղղությամբ երթևեկելու համար` տուգանք 200 լարիի չափով։
Որպես նոր իրավախախտում է սահմանվում նաև տրանսպորտային միջոցի մայթին կամ հետիոտնային անցման վրա կանգառ-կայանումը. այս խախտման համար կտուգանվեն 100 լարիի չափով։
Միաժամանակ, այս իրավախախտումը կատարելու դեպքում, օրենքով սահմանված պայմանների առկայության պարագայում, տրանսպորտային միջոցը ենթակա կլինի տեղափոխման հատուկ պահպանվող կայանատեղի։
Կխստանա վարչական պատասխանատվությունը, այսպես կոչված, «դրիֆտի» համար. եթե «դրիֆտին» որպես արդյունք հաջորդում է տրանսպորտային միջոցի, գույքի, շինության վնասում կամ մարդու մարմնի թեթև վնասվածք, ապա 500-լարիանոց տուգանքի հետ միասին կկասեցվի նաև տրանսպորտային միջոցի վարման իրավունքը 6 ամիս ժամկետով։
200 լարիից մինչև 2000 լարի կավելանա տուգանքը այնպիսի գործողության համար, ինչպիսին է ճանապարհի, երկաթուղային գծանցի կամ այլ ճանապարհային շինության խնամքի-պահպանման և շինարարական-վերանորոգման աշխատանքների սահմանված կանոնների խախտումը, նաև միջոցների չձեռնարկումը ճանապարհի առանձին հատվածներում երթևեկությունը ժամանակին արգելելու, սահմանափակելու կամ վերականգնելու համար, երբ այդ ճանապարհով օգտվելը սահմանափակում կամ վտանգ է ստեղծում երթևեկության համար, կամ ճանապարհի, երկաթուղային գծանցի կամ այլ ճանապարհային շինության կամ ճանապարհային երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցի վնասումը, ճանապարհի ծածկույթի աղտոտումը, ճանապարհի երթևեկելի մասին, մայթին կամ կողնակին շինարարական կամ այլ նյութերի թափումը, բացօթյա առևտրի կազմակերպումը կամ գոյություն ունեցող թերությունների վերացման վերաբերյալ Վրաստանի Ներքին գործերի նախարարության լիազորած պաշտոնատար անձի տրված գրավոր հրահանգի չկատարումը։ Սրա համար ֆիզիկական անձը կտուգանվի 2000 լարիի չափով, իսկ իրավաբանական անձը՝ 5000 լարիի չափով։

