
Վրաստանում այսօր՝ մարտի 3-ին, նշվում է Մայրերի օրը։ Այն պետական տոն է և ոչ աշխատանքային օր։
Նինոծմինդայում տոնը մեծ ակտիվությամբ չնշվեց, սակայն զգացվեց տոնական ջերմությունը, քաղաքի փողոցներում կարելի էր տեսնել ծաղիկներով շտապող երեխաների, ովքեր գնում էին շնորհավորելու իրենց մայրերին։
Երեխաները նաև ռադիոկայանի միջոցով հղեցին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ մայրերին ցանկանալով առողջություն և երկար տարիների կյանք։
Թող մայրական սերն ու հոգատարությունը միշտ լինեն անփոխարինելի արժեք մեր կյանքում։

Մայրերի օրը սահմանվել է 1991 թվականին Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի նախաձեռնությամբ։ Այս տոնը նախատեսված էր փոխարինելու Կանանց միջազգային օրվան, քանի որ այդ ժամանակ մարտի 8-ի տոնակատարությունը չեղարկվել էր։
Որոշ ժամանակ անց, Էդուարդ Շևարդնաձեի նախագահության օրոք, մարտի 8-ը վերականգնվեց որպես Կանանց միջազգային օր Վրաստանում։ Այդ ժամանակվանից ի վեր Վրաստանը նշում է և՛ մարտի 3-ը, և՛ մարտի 8-ը։

