Նինոծմինդայի անտանելի ճանապարհների մասին

Նինոծմինդայի անտանելի ճանապարհների մասին

Նինոծմինդա քաղաքում ճանապարհների վատ վիճակը շարունակում է մնալ լուրջ և չլուծված խնդիր։

Այսօր՝ Մարտի 5-ին Նինոծմինդա քաղաքի կենտրոնական Ազատություն-Պուշկին փողոցների խաչմերուկում, ծանր բեռնատարը խրվել էր փոսերից մեկում և չէր կարողանում դուրս գալ։

Դեպքի վայր էին ժամանել Նինոծմինդայի փրկարար ծառայության աշխատակիցները, որոնք իրականացված աշխատանքների արդյունքում բեռնատարը դուրս բերեցին փոսից։

Հարկ է նշել, որ Նինոծմինդայի գրեթե բոլոր փողոցները գտնվում են նույն իրավիճակում ինչը խանգարում է մեքենաների երթևեկությանը։ Փոսերով և վնասված ճանապարհներով երթևեկելը հաճախ հանգեցնում է ավտոմեքենաների անսարքությունների, իսկ դրանց վերանորոգումը կապված է մեծ ֆինանսական ծախսերի հետ։

Նշենք նաև որ Նինոծմինդայի ճանապարհների վիճակի վերաբերյալ NOR ռադիոկայանը իր ԻՆՍՏԱԳՐԱՄՅԱՆ էջում հարցում էր անցկացրել։

Հարցմանը արձագանքած բնակիչները խիստ քննադատության են մատնում պատկան մարմիններին և դժգոհություն են հայտնում ճանապարհների ներկայիս վիճակից։

«Նինոծմինդայի փողոցները գտնվում են անմխիթար վիճակում, ինչը զգալի անհարմարություններ է ստեղծում ինչպես վարորդների, այնպես էլ մարդկանց, մասնավորապես մեծահասակների համար։ Անբարեկարգ ճանապարհները ոչ միայն դժվարացնում են տեղաշարժը, այլև ստեղծում են վտանգավոր իրավիճակներ։ Ցավոք, արդեն արձանագրվել են մի շարք վթարներ, ինչը ևս մեկ անգամ վկայում է խնդրի լրջության մասին։ Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ճանապարհների բարեկարգման և անվտանգության ապահովման ուղղությամբ» գրում է մյուս հարցվածը։

Նույն իրավիճակում է գտնվում նաև Նինոծմինդայի մայթերը։ Առատ տեղումներից հետո մայթերի վիճակը որոշ հատվածներում շարունակում է անհարմարություններ առաջացնել հետիոտների համար։ Քաղաքի տարբեր փողոցներում մայթերը դժվարանցանելի են, իսկ առանձին հատվածներում՝ սառցակալած, ինչը վտանգավոր իրավիճակ է ստեղծում բնակիչների համար։