
Ադրբեջանը փակել է Իրանին հարակից օդային սահմանը՝ Նախիջևանի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է AL Arabiya-ն։
Ադրբեջանը օդաչուներին ծանուցում է ուղարկել, որով տեղեկացրել է, որ օդային սահմանը փակ կլինի 12 ժամով։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրանական կողմին մեղադրել էր ահաբեկչության համար և խոստացել վրեժ լուծել։
Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները մարտի 5-ին Իրանին մեղադրել էին Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ներով հարվածներ հասցնելու մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել այդ երկրում Իրանի դեսպանը, նրան բողոքի նոտա էր փոխանցվել։ Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Ադրբեջանի դեմ հարձակումն անպատասխան չի մնա»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը բերվել են թիվ մեկ պատրաստվածության մակարդակի։ Ալիևը Իրանին մեղադրել է Ադրբեջանի դեմ ահաբեկչական ակտ իրականացնելու մեջ և շեշտել, որ դրա հետ կապ ունեցող բոլոր անձինք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, իսկ Իրանը պետք է Ադրբեջանին պարզաբանումներ ներկայացնի։ Ալիևը նաև հայտարարել է, որ զինված ուժերին հանձնարարված է նախապատրաստել և իրականացնել պատասխան միջոցառումներ։
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, ինչպես նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել են Թեհրանի առնչությունը Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների գրոհին։

