Ախալքալաքում բացվեց «Օջախ» պարային ստուդիան

Ախալքալաքում բացվեց «Օջախ» պարային ստուդիան

Այսօր՝ մարտի 9-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ «Օջախ» պարային ստուդիայի բացման հանդիսավոր արարողությունը։ Ստուդիան հիմնադրել է պարուսույց Նասլեթ Քեյանը։

Բացման արարողությանը մասնակցելու էին եկել Ախալքալաքի և Նինոծմինդայի տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, մշակույթի ոլորտի գործիչներ, պարուսույցներ և արվեստագետներ։

NOR-ի հետ զրույցում ստուդիայի հիմնադրի դուստրը՝ Մետաքսյա Քեյանը նշում է թե ինչ գաղափարախոսություն է կրում «Օջախ» անվանումը և ինչ նպատակներով է ստեղծվել նոր պարային կենտրոնը.

«Ինչու հենց «Օջախ»։ Ինչպես արդեն նշեց հայրս, «օջախ» երկու լեզվի մեջ էլ՝ թե՛ հայ, թե՛ վրաց ժողովրդի մեջ նշանակում է ընտանիք։ Մենք շատ-շատ մտածեցինք, թե ինչպիսի անուն դնենք ու կանգ առանք հենց այս անվան վրա։

Ինձ համար շատ մեծ պատիվ է լինել «Օջախի» ստեղծողի աղջիկը։ Ես՝ որպես «Օջախի» մի մասնիկ, ուզում եմ նշել, որ մեզ մոտ կուսուցանվեն ինչպես հայկական, այնպես էլ վրացական ավանդական պարեր։ Երկու ավանդական պարերն էլ պարտադիր են, քանի որ տարբերություն չենք դնելու։

Ու նաև ուզում եմ հորդորել բոլորին, որ կիսեն մեր այս գաղափարախոսությունը և հստակ քայլերով միանան մեր «Օջախի» ընտանիքին»։

Մետաքսյան նաև հավելում է, որ գրեթե ինչ թեմա քննարկում են, վերջում կանգ են առնում պարի վրա։ Մասնագիտորեն և՛ հայրը, և՛ մայրը, քանի որ պարողներ են, ընտանիքում պարը, այսպես ասած, սննդի պես հոգևոր արժեք է և շատ հատկանշական դեր ունի։

Radio NOR · Մետսաքսյա Քեյան

Նասլեթ Քեյանը նշում է, որ գրանցումներն արդեն սկսվել են, իսկ ապրիլից ստուդիան կգործի ամբողջ ծավալով։ Պարից բացի, ստուդիայում կգործեն նաև այլ խմբակներ։ Նախատեսվում է նաև երգի խմբակ։ Նրա խոսքով՝ մշակութային գործունեությունից բացի կան նաև կազմակերպչական այլ ծրագրեր, որոնք ժամանակի ընթացքում կզարգացվեն։