
Մարիետա Արարատի Ռաշոյանը ծնվել է Հայաստանի Հանրապետությունում։ Երևանին կից Առինջ գյուղում։ Սովորել է Զ. Եսայանի անվան թիվ 180 դպրոցում։ Մանկության տարիներին երազել է լրագրող դառնալ։ Տպագրել է նյութեր տարբեր մանկապատանեկան թերթերում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Պետական մանկավարժական համալսարանը։
NOR-ի հետ զրույցում Մարիետա Ռաշոյանը կիսվում է, որ առաջին անգամ որպես ուսուցիչ մանկավարժական պրակտիկա է անցկացրել Երևանի Նար Դոսի անվան դպրոցում։ Հենց այդտեղ էլ նրա մեջ ձևավորվել է ուսուցչուհի դառնալու որոշումը։ Պրակտիկայի ընթացքում հրապուրվել է մանկավարժական գործունեությամբ։

Համալսարանն ավարտելուց հետո Մարիետա Ռաշոյանը մեկ տարի աշխատել է Երևանի թիվ 104 դպրոցում։ Ամուսնացել և տեղափոխվել է Վրաստան և արդեն 20 տարի ապրում ու աշխատում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի հանրային դպրոցում։
Մարիետա Ռաշոյանը աշակերտների կողմից սիրված ուսուցիչներից մեկն է, ով ըմբռնումով է մոտենում յուրաքանչյուր աշակերտին և լավ հասկանում նրանց։
«Ուսուցիչը աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա՝ ձևավորում է մարդուն։ Ամեն աշակերտ անհատ է, որը պահանջում է յուրովի մոտեցում։ Սիրում եմ իմ բոլոր աշակերտներին՝ յուրաքանչյուրին յուրովի։ Աշակերտների հանդեպ ունեմ անհատական մոտեցումներ, ինչն էլ իմ մանկավարժական առօրյան դարձնում է հետաքրքիր»,-նշում է մանկավարժը։
Նա նաև ընդգծում է, որ Ժդանովականի հանրային դպրոցը միշտ էլ դիտարկվել է որպես համայնքի զարգացման կենտրոն։ Դրանում կարևոր դեր է կատարում ուսուցիչը՝ որպես ուղղորդող, խորհրդատու և համագործակից։ Դպրոցի առաքելությունն է ստեղծել այնպիսի համայնք, որը կրթության հետ զուգահեռ կնպաստի գյուղի զարգացմանը։ Նրա խոսքով՝ Ժդանովականի դպրոցը տվել է նշանավոր մանկավարժներ, բժիշկներ, լրագրողներ, ովքեր հասարակական մեծ գործունեություն են ծավալում և դարձել են գյուղի հպարտությունը։

Մարիետա Ռաշոյանը նշում է, որ աշխարհն ու կրթական համակարգը արագ են փոխվում։ Ինչ այսօր ծրագրվում է, մի քանի տարի անց կարող է արդեն չհամապատասխանել առկա իրավիճակին։ «Իմ աշխատանքային գործունեության ընթացքում 11-ամյա կրթությունը դարձել է 12-ամյա, և այժմ նոր ծրագրեր են մշակվում կրթությունը կրկին 11-ամյա դարձնելու համար»,-ասում է նա։
Մանկավարժի խոսքով՝ կրթական համակարգում անհրաժեշտ է հաշվի առնել ազգային և համամարդկային արժեքները և ապահովել այնպիսի քաղաքացու կրթություն, որպեսզի կարողանա դիմակայել ժամանակակից, արագ փոփոխվող աշխարհի մարտահրավերներին։

Նրա խոսքով՝ աշակերտների հետ հաղորդակցվելը մի գեղեցիկ աշխարհ է, ոչ միայն սովորեցնում է, այլ ամեն օր սովորում է աշակերտներից։ Ռաշոյանի համոզմամբ՝ մանկավարժությունը ստեղծագործական գործընթաց է, և ամեն օր նոր մտքեր են ծնվում զարգացող աշխարհի արագ տեմպին զուգահեռ ընթանալու համար։
Մարիետա Ռաշոյանը ասում է, որ ցանկացած գործունեության մեջ պետք է սեր ներդնել. «Եթե աշխատանքը կատարվում է սիրով ու նվիրվածությամբ, այն անպայման իր բարի պտուղներն է տալիս։ Համարձակ քայլեք կյանքին ընդառաջ, ընդունեք նետված մարտահրավերները, եղեք ազգանվեր և կառուցեք բարեկիրթ ապագա», – ընդգծում է ուսուցչուհին՝ իր խոսքը ուղղելով աշակերտներին ու երիտասարդներին։

