
Նինոծմինդա քաղաքի բնակիչ Մ․ Բդոյանը NOR ռադիոկայանին դիմել է բողոքով՝ բարձրացնելով քաղաքի ճանապարհների անմխիթար վիճակի խնդիրը։ Նրա խոսքով՝ հատկապես վատ վիճակում են գտնվում կենտրոնական ճանապարհը և բոլոր փողոցները։

Բնակիչը նշում է, որ երթևեկությունը դարձել է գրեթե անհնար։ Ըստ նրա՝ ջրամատակարարման աշխատակիցների իրականացրած աշխատանքներից հետո ճանապարհները թողնվել են կիսատ վիճակում՝ առանց պատշաճ վերականգնման։

Նա նաև համեմատություն է անում Գերմանիայում իրականացվող աշխատանքների հետ՝ ընդգծելով, որ այնտեղ ճանապարհաշինական աշխատանքները կազմակերպվում են փուլային․ «300-500 մետր հատվածում քանդում են ասֆալտը, անմիջապես վերանորոգում և անցնում հաջորդ հատվածին։ Իսկ այստեղ ամբողջությամբ քանդում են և թողնում այդպես»,- նշում է բնակիչը։

Մայթերի վիճակը բնակչի խոսքով նույնպես անմխիթար է։ «Չկա հավասարություն։ Այսպիսի անտերություն որտեղ ենք տեսել։ Ջրագծերը քաշել ու այդպես թողել են, մինչև դրանք չվերանորոգեն, թող մնացածը չանեն»,- հավելում է նա։
Հիշեցնենք, որ NOR ռադիոկայանը օրերս պաշտոնական նամակ էր ուղարկել Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտ՝ պարզելու, թե արդյոք նախատեսվում է վերանորոգել Նինոծմինդայից դեպի Հայաստանի Հանրապետության սահման տանող ճանապարհը։

Ստացված պատասխանում նշվում է, որ քննարկվել է 2026 թվականի փետրվարի 26-ի գրությունը (գրանցման համար՝ No5014/2)՝ Ախալցիխե – Նինոծմինդա (ՀՀ սահման) ուղղությամբ ճանապարհի վերականգնման վերաբերյալ։
Դեպարտամենտից տեղեկացնում են, որ ընթացիկ տարում կհայտարարվի էլեկտրոնային տենդեր՝ միջազգային նշանակության Ախալցիխե – Նինոծմինդա (ՀՀ սահման) ավտոմոբիլային ճանապարհի կմ 90 (կմ 89+649) հատվածում՝ ձորի վրա գտնվող կամրջային անցման վերականգնման աշխատանքների համար։
Բացի այդ, այս փուլում իրականացվում է միջազգային նշանակության (Ս-11) Ախալցիխե – Նինոծմինդա (Թուրքիայի Հանրապետության սահման) ավտոմոբիլային ճանապարհի կմ21+600 – կմ28+000 հատվածի վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի պատրաստում, որից հետո նախատեսվում է նաև վերականգնման աշխատանքների իրականացումը։

