Տիգրան Սարգսյանը եւ Բիձինա Իվանիշվիլին քննարկել են հարցերի լայն շրջանակ

Տիգրան Սարգսյանը եւ Բիձինա Իվանիշվիլին քննարկել են հարցերի լայն շրջանակ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնական այցով ժամանել է Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում իր վրացի գործընկերոջը դիմավորել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, որից հետո ՀՀ կառավարությունում կայացել է երկու հարեւան պետությունների գործադիր մարմինների ղեկավարների հանդիպումը: Տիգրան Սարգսյանը եւ Բիձինա Իվանիշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տնտեսական, էներգետիկ, մշակութային, արդարադատության, տրանսպորտային հաղորդակցության եւ գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող ծրագրեր եւ նախագծեր:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աԱյնուհետեւ Տիգրան Սարգսյանի եւ Բիձինա Իվանիշվիլիի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ ստորագրվել է «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» եւ «Բավրա-Նինոծմինդա» ցամաքային մաքսային կետերի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիր: Այն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության միջեւ ստորագրվել է 2013-2015 թթ. համագործակցության մասին ծրագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիան:
NEWS.am



Opinion, pooling and voting