
Վրաստանի խորհրդարանը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ հաստատել է Ներքին գործերի նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը նախատեսում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար պատժամիջոցների զգալի խստացում։
Օրենսդրական փոփոխությունների փաթեթն ուժի մեջ կմտնի 2026 թվականի մայիսի 1-ից։
Փոփոխությունները կատարվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում»։ Օրինագծի հեղինակների պարզաբանմամբ՝ գործող պատժամիջոցներն այլևս չէին կարողանում դիմագրավել աճող շարժունակության և ավտոմեքենաների քանակի պայմաններում առկա մարտահրավերներին։
Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում ճանապարհային անվտանգությունը մնում է օրհասական խնդիր։ Միայն 2025 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել 469 մարդ, իսկ 8191 անձ ստացել է առողջական տարբեր ծանրության վնասվածքներ։ Հենց այս տվյալների համալիր վերլուծության հիման վրա է որոշվել խստացնել կանոնակարգերը։
Օրենսդրական փոփոխությունների արդյունքում կավելանան ինչպես դրամական տուգանքները, այնպես էլ վարորդական իրավունքի վկայականից հանվող միավորների քանակը.
Օրենսդրության մեջ ավելացել է նոր նշան՝ «Կանգառն արգելված է հրշեջ հիդրանտի մոտ» (հրշեջ հիդրանտը այն հատուկ ջրատար սարքն է (սովորաբար մայթերին տեղադրված կարմիր կամ կապույտ գույնի փոքր սյուն), որին հրշեջ մեքենաները միացնում են իրենց խողովակները հրդեհի ժամանակ ջուր վերցնելու համար)։ Կանոնի խախտումը կհանգեցնի 200 լարի տուգանքի և հնարավոր է՝ ավտոմեքենայի տեղափոխում տուգանային հրապարակ։
Թբիլիսիում նաև 500 լարի տուգանք կսահմանվի այն բեռնատարների համար (N2, N3 կատեգորիա), որոնք մայրաքաղաքը կհատեն տրանզիտով՝ առանց համապատասխան իրավունքի։

