Երազանք, փորձություն և առաջընթաց․ Գարիկը չի դադարում պայքարել սպորտում

Երազանք, փորձություն և առաջընթաց․ Գարիկը չի դադարում պայքարել սպորտում

Շիրակի մարզի Ղազանչի գյուղից մեծ սպորտ տանող ճանապարհը հեշտ չէ, բայց Գարիկի պատմությունը հենց այդպիսի ճանապարհի մասին է՝ համառության, փորձի ու առաջ շարժվելու կամքի։

Գարիկը մեծացել է աշխատասեր ընտանիքում։ Նրա տատիկը՝ Վիոլետա Բդոյանը, Նինոծմինդա քաղաքից է։ Հայրը՝ Գայ Մելքոնյանը, և մայրը՝ Փիրուզը, իրենց օրինակով նրա մեջ ձևավորել են աշխատասիրությունն ու նպատակասլացությունը։ Հենց ընտանիքն է եղել այն ամուր հիմքը, որը նրան ուժ է տվել երբեք չհանձնվելու։

Այսօր Գարիկը ուսանում է Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան համալսարանում և ակտիվորեն մասնակցում է միջազգային սպորտային մրցումների։ Նրա հիմնական նպատակը հստակ է՝ հասնել բարձր արդյունքների և միջազգային հարթակներում արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը։

Նրա խոսքով՝ սպորտը կյանքի բնական շարունակությունն է եղել․ դեպի այն նրան տարել են սեփական ցանկությունն ու ներքին մոտիվացիան։ Գարիկը համոզված է՝ եթե մարդը հետևում է իր ցանկությանը, արդյունքը չի ուշանա։

Մարզիկի ճանապարհին, ինչպես ինքն է նշում, միշտ կարևոր դեր են ունեցել ընտանիքը, մարզիչները և այն մարդիկ, ովքեր հավատացել են իրեն։

Վերջին մրցումներն, ըստ Գարիկի, դարձան մեծ փորձություն։ Օլիմպիադայի ընթացքում նա մասնակցել է երեք մրցումների, որտեղ մրցակցությունը բավական ուժեղ է եղել՝ տարբեր երկրների մարզիկների մասնակցությամբ։ Նա մրցել է Չինաստանի, Ղազախստանի և Գերմանիայի ուժեղ ներկայացուցիչների հետ, սակայն այս անգամ չի կարողացել հասնել իր ակնկալած արդյունքին։

«Իմ նպատակն էր առնվազն լավագույն տասնյակում լինել, բայց այն մրցումը, որը համարվում է իմ ամենաուժեղը, ավարտեցի 15-րդ տեղով։ Կարծում եմ՝ կարող էի ավելին անել»,— նշում է Գարիկը։

Չնայած արդյունքը չարդարացրեց սպասումները, մարզիկը սա գնահատում է որպես կարևոր փորձ։ Նրա խոսքով՝ հենց այսպիսի մրցումներն են օգնում հասկանալ սեփական թույլ և ուժեղ կողմերը, վերանայել մոտեցումները և ավելի ճիշտ պատրաստվել հաջորդ փուլերին։

Բացի սպորտից, Գարիկը սիրում է իր ազատ ժամանակը անցկացնել օգտակար կերպով՝ կարդում է գրքեր, փորձում է սովորել նորություններ, հաճախում է պատարագների և ժամանակ է հատկացնում ընկերների հետ շփմանը։

Այսօրվա երիտասարդներին նա խորհուրդ է տալիս չմոռանալ իրական կյանքի արժեքները․ «Լավ է օգտվել տեխնոլոգիաներից, բայց պետք չէ ամբողջությամբ խորանալ դրանց մեջ։ Կարևոր է շարժվել, զբաղվել սպորտով, շփվել և զարգանալ որպես մարդ»։