
Նվարդ Խաչատրյանը ծնվել է 1989 թվականին Արմավիրի մարզի Արաքս գյուղում՝ մանկավարժների ընտանիքում։ Նրա մանկությունն անցել է կրթության և ստեղծագործ մտածողության միջավայրում, ինչը հետագայում մեծ ազդեցություն է ունեցել մասնագիտական ընտրության վրա։ Սովորել է Ջիվանու անվան միջնակարգ դպրոցում՝ միաժամանակ կրթություն ստանալով նաև Թերլեմեզյանի անվան ուսումնարանի Արմավիրի մասնաճյուղում։ Հետագայում ուսումը շարունակել է Մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի կերպարվեստ և գծագրություն բաժնում։ Այսօր Նվարդը բնակվում է Երևանում։ Նրա ճանապարհին կարևոր դեր է ունեցել ընտանիքը։ Նվարդի կողքին մշտապես եղել է ամուսինը՝ Ալեքսանդր Սողոյանը, ով Նինոծմինդայից է և շուրջ 20 տարի գործունեություն է ծավալում բիզնես ոլորտում՝ աջակցելով և կիսելով նրա նախաձեռնությունները։

Մասնագիտական ճանապարհին Նվարդ Խաչատրյանը մասնակցել է բազմաթիվ դասընթացների և ֆորումների՝ թե՛ մասնագիտական, թե՛ բիզնես ոլորտում։ Սակայն, ինչպես ինքն է նշում, սեփական ընկերությունը հիմնելիս դժվարություններից խուսափել չի հաջողվել։ Չնայած սկզբնական փուլում առաջացած խնդիրներին՝ ժամանակի ընթացքում դրանք հաղթահարվել են՝ փորձի և հետևողական աշխատանքի շնորհիվ։
«Աշխատել եմ սուպերմարկետների ցանցում որպես մենեջեր։ Մանկական խաղասրահում, որպես մենեջեր։ Դասավանդել եմ նկարչություն։ Քանի որ մասնագիտությամբ նկարիչ դիզայներ եմ, միշտ մտածում էի իմ մասնագիտական գործունեությամբ զբաղվել»,-ասում է Նվարդ Խաչատրյանը։
2020 թվականին Նվարդը համահիմնադրել է PayuSAC հայկական բրենդը։ Այս բրենդի հիմքում հայկական ավանդույթների և ժամանակակից մոտեցումների համադրությունն է։ PayuSAC -ում ստեղծվող պայուսակները ձեռքով նկարազարդվում են հայկական թռչնատառերով՝ ստանալով յուրահատուկ, ժամանակակից լուծումներ։ Ժամանակի ընթացքում բրենդը ընդլայնել է իր տեսականին՝ ավելացնելով դրամապանակներ, էկոպայուսակներ և նոթատետրեր։

Հատուկ տեղ են զբաղեցնում նոթատետրերը, որոնք լայն տարածում են գտել հատկապես գրքասերների և պլանավորող մարդկանց շրջանում՝ դառնալով յուրահատուկ նվեր՝ անկախ տարիքից, սեռից կամ մասնագիտությունից։
Կարճ ժամանակում PayuSAC -ը մեծ ճանաչում է ձեռք բերել՝ դուրս գալով նաև Հայաստանի սահմաններից։ Բրենդը հասել է Ջավախք, Ռուսաստան, եվրոպական մի շարք երկրներ և ԱՄՆ։ Նվարդ Խաչատրյանի նպատակն է շարունակել զարգացնել բրենդը և հայկական արվեստը ներկայացնել աշխարհին։

Մասնագիտության ընտրությունը պայմանավորված է եղել ստեղծագործելու և արվեստի միջոցով ինքնարտահայտվելու ցանկությամբ։ Նկարիչ-դիզայների մասնագիտությունը նրա համար ոչ միայն աշխատանք է, այլև ինքնության կարևոր մաս։
«Երիտասարդներին խորհուրդ կտամ, որ շատ կարդան, զբաղվեն ինքնակրթությամբ, որը կբացի նոր դռներ ու կտա նոր հնարավորություններ զարգանալու և հաջողելու համար»,-եզրափակում է Նվարդը։

