
Շուրա Նահապետյանը ծնվել է 2007 թվականին Ախալքալաքի շրջանի Փոքր Սամսար գյուղում։ Նա մեծացել է աշխատասեր ընտանիքում, որտեղ վաղ տարիքից սովորել է լինել նպատակասլաց, գնահատել աշխատանքը և հարգել սեփական արմատները։ Դպրոցական կրթությունը ստացել է հայրենի գյուղում։
Այսօր Շուրան 19 տարեկան է և հաջողությամբ համատեղում է ուսումը պրոֆեսիոնալ մարզական կարիերայի հետ։ Նրա մարզական ճանապարհը սկսվել է տան պայմաններում․ «Սկզբում մարզվում էի մենակ՝ առանց հատուկ պայմանների և մարզասարքերի։ Հետագայում մեր ջանքերով գյուղում ստեղծեցինք մի փոքրիկ մարզասրահ, որը դարձավ մեր տեղի երիտասարդների հավաքատեղին ու մարզական օջախը»,-նշում է մարզիկը NOR ռադիոկայանի հետ զրույցում։

Շուրա Նահապետյանի մարզական ուղին նշանավորվել է մի շարք կարևոր հաղթանակներով։ Նա դարձել է Ախալքալաքի առաջնության հաղթող՝ հաստատելով իր շրջանի ուժեղագույն մարզիկի դիրքը։ Թբիլիսիի առաջնությունում մասնակցել է միանգամից չորս տարբեր կատեգորիաներում և նվաճել երեք հաղթանակ՝ արժանանալով չեմպիոնի կոչմանը։ Լոռու բաց առաջնությունում հաղթել է թե՛ իր քաշային կարգում, թե՛ բացարձակ կատեգորիայում։
Վերջերս Երևանում կայացած միջբուհական մրցաշարում մարզիկը դարձել է չեմպիոն՝ հաղթելով թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքերով։ Նրա կարևոր ձեռքբերումներից են նաև հաղթանակները տիտղոսակիր մարզիկների նկատմամբ՝ իր և ավելի բարձր քաշային կարգերում նա հաղթել է աշխարհի, Եվրոպայի, ինչպես նաև Վրաստանի և Հայաստանի բազմակի չեմպիոնների։
Մարտի 29-ին Շուրա Նահապետյանը կազմակերպում է բազկամարտի մեծ մրցաշար իր հարազատ գյուղում․ «Այս միջոցառումն ինձ համար ունի խորը անձնական նշանակություն, այն նվիրված է հորս՝ Համլետ Նահապետյանի հիշատակին։ Սա իմ երախտիքի տուրքն է այն մարդուն, ում շնորհիվ ես այսօր կամ և ում անունը միշտ փորձում եմ բարձր պահել թե՛ կյանքում, թե՛ սպորտում»,-ասում է Շուրան։
Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ սկսած պրոֆեսիոնալ գույքի պակասից մինչև ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածություն, Շուրան երբեք չի հանձնվել։ Նրա խոսքով՝ միակ իրական հիասթափությունը կարող էր լինել միայն հանձնվելու որոշումը, ինչը նա երբեք իրեն թույլ չի տվել։ Յուրաքանչյուր խոչընդոտ դարձել է նոր հաղթանակի ուղենիշ։

Ներկայումս նա ակտիվորեն պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Ռումինիայում հունիս ամսին։ Միևնույն ժամանակ նպատակ ունի զարգացնել սպորտը իր հարազատ գյուղում և ոգեշնչել երիտասարդներին՝ հավատալու սեփական ուժերին։
Հատկանշական է, որ Շուրան մարզիչ չունի և մարզվում է ինքնուրույն։ Նրա ուղերձը երիտասարդներին պարզ և հստակ է․ «Եթե ես կարողացել եմ տանը մարզվելով հաղթել աշխարհի չեմպիոնների, ուրեմն հնարավոր է ամեն ինչ»,-ասում է մարզիկը։

