Նինոծմինդայում նշվեց Ծաղկազարդի տոնը

Նինոծմինդայում նշվեց Ծաղկազարդի տոնը

Մարտի 29-ին Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում հանդիսավորությամբ նշվեց Ծաղկազարդի տոնը։ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը մատուցեց Սուրբ Պատարագ՝ իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, հավատքի զորությանը և քրիստոնեական արժեքների պահպանման կարևորությանը։

Պատարագի ընթացքում կատարվեց նաև ուռենու և ձիթենու ճյուղերի օրհնություն, որոնք հավատացյալները տուն են տանում որպես օրհնություն և բարեմաղթանք։ Ծաղկազարդը համարվում է նաև երեխաների օրհնության օր՝ խորհրդանշելով խաղաղություն, հույս և նոր կյանքի սկիզբ։

Պատարագից հետո իրականացվեց մանուկների օրհնության կարգը, որի ընթացքում քահանան օրհնեց ներկա երեխաներին՝ ինչպես նաև կնքված հավատացյալներին մաղթելով նրանց առողջություն, խաղաղություն և աստվածային շնորհների առատություն։ Ծիսակատարությանը մասնակցում էին բազմաթիվ հավատացյալներ, ովքեր համախմբվել էին եկեղեցում՝ միասին նշելու Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ խորհրդանշող այս գեղեցիկ տոնը։

Ծաղկազարդը քրիստոնեական տոն է, որը նշվում է Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի հիշատակին։
Այս տոնը նշում են քրիստոնյաները, այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցին։ Այն նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ կիրակի օրը։

Տեսանյութ․