
Գազաֆիկացման նախագիծը ֆինանսավորված և հաստատված է, Գորելովկայի համայնքի ներկայացուցիչը նշում է, որ աշխատանքները սկսելու համար սպասում են եղանակների տաքանալուն, իսկ մրցույթը շահած «Energo Construction» ՍՊԸ-ից NOR-ին հայտնեցին, որ սպասում են պետական գյուքի օգտագործման թույլտվությանը։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա, Օրլովկա, Եֆրեմովկա, Ժդանովական և Սամեբա գյուղերի գազաֆիկացման նախագծման աշխատանքների համար 2025 թվականի մարտի 6-ին հայտարարվել էր մրցույթ։ Մրցույթը հաղթել էր «Energo Construction» ՍՊԸ ընկերությունը՝ առաջարկելով 134`999.00 լարի։
Պարզելու համար, թե աշխատանքները որ փուլում են գտնվում և երբ կսկսվեն գազաֆիկացման աշխատանքները, NOR ռադիոկայանը կապ հաստատեց Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանի հետ։
Վերջինս նշեց, որ նախագիծը հաստատվել է, ֆինանսավորումն ապահովված է պետական միջոցներով, և եղանակների տաքանալուն պես նախատեսվում է սկսել աշխատանքները։
NOR-ը կապ հաստատեց նաև «Energo Construction» ՍՊԸ ընկերության ներկայացուցչի հետ։ Նա ևս տեղեկացրեց, որ գազաֆիկացման նախագծի բոլոր փուլերն ավարտված են, և ներկայումս սպասում են պետական գույքի օգտագործման թույլտվությանը։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ գյուղերի համար գազաֆիկացման խնդիրը մինչ օրս մնում է ամենահրատապներից մեկը։
Գազի բացակայությունը զգալիորեն բարդացնում է բնակիչների առօրյա կյանքը, հատկապես հաշվի առնելով տարածաշրջանին բնորոշ երկարատև և խիստ ձմեռները։ Տարիներ շարունակ այս գյուղերի բնակիչները դժգոհում են, որ չեն ապահովվում բնական գազով, ինչն ավելի մեծ դժվարություններ է ստեղծում ձմռան ամիսներին։
Բացի այդ, այլընտրանքային վառելիքի ձեռքբերումը հաճախ դառնում է ֆինանսական ծանր բեռ բնակիչների համար։ Շատերը ստիպված են օգտագործել վառելափայտ, ածուխ կամ գոմաղբից պատրաստված աթար, որի պատրաստումը պահանջում է զգալի ժամանակ և ֆիզիկական ջանք։
Ընդհանուր առմամբ, գազամատակարարման բացակայությունը Նինոծմինդայում ոչ միայն սոցիալական խնդիր է, այլ նաև ունի տնտեսական և բնապահպանական հետևանքներ։ Այն կարող է նպաստել նաև արտագաղթի աճին, քանի որ մարդիկ ձգտում են տեղափոխվել ավելի բարենպաստ պայմաններ ունեցող բնակավայրեր։
Տեսանյութ․
Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա և Ախալի Խուրգումո գյուղերը նույնպես ունեն գազաֆիկացման խնդիր։ Մինչդեռ Վլադիմիրովկա գյուղում բնակիչները սեփական նախաձեռնությամբ են հավաքել անհրաժեշտ միջոցները և ցանկանում լուծել գազաֆիկացման հարցը։

