Սինոդի հաջորդ նիստը, որի ժամանակ կընտրվեն Պատրիարքի երեք թեկնածուները, տեղի կունենա ապրիլի 24-ին

Սինոդի հաջորդ նիստը, որի ժամանակ կընտրվեն Պատրիարքի երեք թեկնածուները, տեղի կունենա ապրիլի 24-ին

Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անդրիա Ջաղմաիձեի հայտարարությամբ՝ Սինոդի հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 24-ին։ Այս մասին Անդրիա Ջաղմաիձեն լրագրողներին հայտնել է Պատրիարքարանի մոտ՝ Սինոդի նիստի ավարտից հետո։


Ջաղմաիձեի խոսքով՝ Սինոդի այսօրվա նիստը նվիրված էր կազմակերպչական հարցերի սահմանմանը։
«Սինոդի նիստում սահմանվել են որոշակի ընթացակարգեր հաջորդ Սինոդի և ընդլայնված ժողովի անցկացման համար։ Այդ թվում՝ ձևավորվել է երեք հանձնաժողով՝ մանդատային, հաշվիչ և խմբագրական։ Սահմանվում է այս հանձնաժողովների անդամների հարցը։ Հանձնաժողովների անվանումներն ինքնին խոսում են իրենց գործառույթների մասին։ Պատրիարքի ընտրության հետ կապված գործընթացը պարզ չէ. պետք է հաշվարկվեն ձայները, առավել ևս, որ ընդլայնված նիստին լինելու են բազմաթիվ պատվիրակներ, ամեն ինչ պետք է լինի կանոնակարգված։ Ոչ մի փուլում չպետք է երկիմաստություն մնա։ Ուստի կազմակերպչական առումով շատ անելիքներ կան, և անհրաժեշտ է համաձայնություն այս թեմաների շուրջ։ Գիտենք, որ ընդլայնված նիստը տեղի կունենա Սամեբա տաճարում, իսկ Սինոդի հաջորդ նիստը՝ ապրիլի 24-ին»,- նշել է Ջաղմաիձեն։


Բացի այդ, ըստ Ջաղմաիձեի տեղեկատվության, հենց այդ նիստում տեղի կունենա Պատրիարքի երեք թեկնածուների ընտրությունը։
Սուրբ Սինոդի նիստը, որտեղ կընտրվեն Պատրիարքի թեկնածուները, պետք է նշանակվի Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարքի մահվանից 40 օր անց։ Ընտրված երեք թեկնածուները կներկայացվեն ընդլայնված եկեղեցական ժողովին, որի անցկացման ամսաթիվը, հավանաբար, կսահմանվի Սինոդի հենց այդ նիստում։
Վրաց Եկեղեցու կառավարման կանոնադրության համաձայն՝ Պատրիարքի թեկնածուն պետք է բավարարի հետևյալ պահանջներին. լինի ազգությամբ վրացի, Վրաց Ուղղափառ Եկեղեցու եպիսկոպոս, ունենա աստվածաբանական կրթություն և եկեղեցական կառավարման բավարար փորձ, տարիքը՝ ոչ պակաս, քան քառասուն և ոչ ավել, քան յոթանասուն տարեկան, լինի վանական։

1tv.ge