Ծալկայի Խաչ գյուղ տանող ճանապարհը 32 տարի անմխիթար վիճակում է

Ծալկայի Խաչ գյուղ տանող ճանապարհը 32 տարի անմխիթար վիճակում է

Ծալկայի մունիցիպալիտետի Խաչ գյուղ տանող ճանապարհը անմխիթար վիճակում է, շտապօգնությունը ժամերով չի կարող հասնել գյուղ, իսկ բնակիչների բազմաթիվ դիմումները մնում են անպատասխան։

Ծալկայի մունիցիպալիտետի Խաչ գյուղ տանող ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում՝ ստեղծելով լուրջ խնդիրներ տեղի բնակիչների համար։ Այս մասին ահազանգում է գյուղի բնակիչ Լևոն Մկրտչյանը

Լևոնը տեսազանգի միջոցով ներկայացրեց իրավիճակը՝ նշելով, որ արդեն շուրջ 32 տարի է, ինչ գյուղ տանող ճանապարհը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում։ Նրա խոսքով՝ գարնան ամիսներին ժամանակ առ ժամանակ փորձել են հարթեցնել կամ լցնել ճանապարհը, սակայն ձնհալից հետո այն կրկին դառնում է անանցանելի։

Ճանապարհի վիճակը լուրջ խնդիր է նաև շտապօգնության ծառայությունների համար։ Բնակչի խոսքով՝ ընդամենը 7 կիլոմետր ճանապարհ անցնելու համար շտապօգնության ծառայությունից պահանջվում է երկու ժամ։ Ճանապարհը լի է փոսերով, քարերով, իսկ հոսող ջրերը ավելի են վատթարացնում իրավիճակը։

«Խնդրի վերաբերյալ բազմիցս ենք դիմել համապատասխան կառույցներին։ Գրավոր դիմում եմ ուղարկել նաև Իրակլի Կոբախիձեին, սակայն ստացել եմ պատասխան՝ դիմել Ծալկայի քաղաքապետարան։ Իր հերթին քաղաքապետարանից հայտնել են, որ ճանապարհը գտնվում է Ճանապարհային վարչության պատասխանատվության ներքո, այնտեղից էլ ասում են՝ դիմենք քաղաքապետարան»,- ասում է Լևոն Մկրտչյանը։

2025 թվականի մայիսին բնակիչները կրկին դիմել են քաղաքապետարան, որտեղից տեղեկացրել են, որ տվյալ ճանապարհի վերանորոգման համար մրցույթ է հայտարարվել։ Լևոնը նշում է, որ բազմաթիվ մրցույթներ են հայտարարվել, սակայն դրանցից ոչ մեկը չի կայացել

NOR-ը կապ հաստատեց նաև Ծալկայի սակրեբուլոյի անկուսակցական պատգամավոր Սարգիս Հովհաննիսյանի հետ։ Վերջինս նշեց, որ նախկինում մի քանի անգամ գրավոր դիմել են Ծալկայի քաղաքապետարան, սակայն ստացել են պատասխան, որ տվյալ ճանապարհահատվածը չի գտնվում մունիցիպալիտետի իրավասությունների շրջանակում։ Նա նաև նշեց, որ Գումբատի գյուղից Խաչ գյուղ տանող շուրջ 17 կմ երկարությամբ հատվածը գտնվում է Ճանապարհային վարչության պատասխանատվության ներքո։

Հարցին, թե արդյո՞ք այս տարի դիմել են համապատասխան մարմիններին կամ պատասխանատուներին, Հովհաննիսյանը նշեց, որ բանավոր դիմել է ավագանու նախագահին, ով պատասխանել է, որ իրենց իրավասությունների շրջանակում կանեն հնարավոր ամեն ինչ։

Նշենք նաև, որ Լևոն Մկրտչյանը դիմեց NOR ռադիոկայանին տարամադրել հարթակ՝ բանավեճի համար։ Բանավեճին նա հրավիրում է պատգամավորներին։

Մանրամասները տեսանյութում․