Եֆրեմովկայի ճանապարհը 2026-ին էլ կմնա առանց ասֆալտապատման

Եֆրեմովկայի ճանապարհը 2026-ին էլ կմնա առանց ասֆալտապատման

Եֆրեմովկա գյուղի միակ գյուղամիջյան ճանապարհը 2026 թվականին ևս կմնա առանց ասֆալտապատման։ Այս ճանապարհը տարիներ շարունակ մնում է չբարեկարգված, ինչը լուրջ դժվարություններ է ստեղծում հատկապես վատ եղանակային պայմաններում և գարնանային ձնհալքի ժամանակ։

Չնայած իրականացված հարթեցման աշխատանքներին, յուրաքանչյուր գարուն ճանապարհը կրկին դառնում է դժվարանցանելի։ Այնտեղ առկա են խորը փոսեր, իսկ որոշ հատվածներում ցածր ավտոմեքենաների երթևեկությունը գրեթե անհնար է։

Պարզելու համար, թե արդյոք 2026 թվականին նախատեսվում է ասֆալտապատում, կապ հաստատեցինք Գորելովկայի թեմի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանի հետ։ Բաբաջանյանը նշեց, որ այս տարվա համար նախատեսված է միայն ճանապարհի հարթեցում, իսկ ասֆալտապատման աշխատանքներ դեռ ներառված չեն։

«Հիմա բյուջեի քննարկում կլինի և հստակ ասել չենք կարող, թե ինչ փոփոխություններ կլինեն։ Մենք մեր կողմից ծրագիրը ներկայացրել ենք, այն հավանության է արժանացել, սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով դեռ չի իրականացվում։ Եթե որևէ ֆինանսավորում լինի, առաջին հերթին կիրականացվի հենց Եֆրեմովկայի գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատումը»,- նշեց Բաբաջանյանը։

2024 թվականի հուլիսի 3-ին NOR ռադիոն անդրադարձել էր Եֆրեմովկայի ճանապարհի անմխիթար վիճակին։ Այդ ժամանակ գյուղի ներկայացուցիչը նշել էր , որ կտարվեն ճանապարհի հարթեցման աշխատանքներ, սակայն 2024-ի նոյեմբերի 8-ին կրկին անդրադառնալով այս խնդրին, պարզվեց, որ այդպես էլ չիրականացվեցին հարթեցման աշխատանքները։ Գյուղի բնակիչները հաճախ նշում են, որ նման պայմանները ոչ միայն սահմանափակում են շարժունակությունը, այլ նաև դառնում պատճառ գյուղը լքելու համար։

Եֆրեմովկա գյուղը չունի նաև մանկապարտեզ, խմելու ջրի խնդիրը նույնպես շարունակում է մնալ չլուծված։ Այս հիմնախնդիրները ավելի են խորացնում բնակչության սոցիալական մեկուսացումը և սահմանափակում բնակիչների զարգացման հնարավորությունները։

Եֆրեմովկա գյուղի միակ ճանապարհը կրկին մնում է չվերանորոգված

Ժդանովական գյուղի մի քանի փողոցներ նույնպես առանց ասֆալտապատման են։ Մեր այն հարցին, թե արդյոք նախատեսվում է գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատում, Մնացական Բաբաջանյանը նշեց, որ այս տարի ասֆալտապատման աշխատանքներ նախատեսված չեն, քանի որ ընթացիկ տարում առաջնահերթությունը տրվել է սպորտային դահլիճի կառուցմանը։

Այս երկու գյուղերը կանգնած են ոչ միայն ճանապարհների, այլ նաև մի շարք այլ սոցիալական խնդիրների առաջ։ Գազամատակարարման բացակայության պայմաններում, երկարատև և սառնաշունչ ձմեռները խիստ ծանր են անցնում։