
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի գյուղի բնակիչները տեսանյութ էին ուղարկել NOR-ի խմբագրություն, որտեղ երևում էր հեղեղված ճանապարհը։ Ձնհալի ջուրը սարերից հոսել ու հեղեղել էր գյուղ տանող ճանապարհը, ինչի հետևանքով վնասվել է նաև ասֆալտը։
Այսօր՝ ապրիլի 7-ին, NOR ռադիոկայանի լրագրողները այցելեցին տվյալ վայր՝ տեղում լուսաբանելու առկա խնդիրը։
Այցելելով դեպքի վայր՝ պարզվեց, որ այդ պահին Փ․ Խանչալիի բնակիչները և Հայկ Ավագյանը՝ գյուղի ներկայացուցիչ Սասուն Եսոյանի գլխավորությամբ անձնական միջոցներով մաքրում էին կամուրջները։ Փոքր Խանչալի գյուղի բնակիչների համախմբվածության շնորհիվ մաքրվեց առվակը քարերից և կուտակված ձյունից։
Ինչպես նշեց գյուղի ներկայացուցիչը, իրենք չեն դիմել քաղաքապետարան, իսկ եթե դիմեին, բնականաբար կարձագանքեին և կօգնեին։ Ինչ վերաբերում է քանդված ասֆալտին, Եսոյանը նշեց, որ շարունակվելու է գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատումը և դրա հետ մեկտեղ կվերանորոգվի հեղեղից քանդված այդ հատվածը։
Նշենք, որ կամուրջների տրամագիծը փոքր է և չի կարողանում կլանել ջրի մեծ ծավալը, ինչի հետևանքով ջրի մակարդակը բարձրանում է և հոսում ճանապարհով։
Տեսանյութ․

