
Մարտի 21-ին Երևանում տեղի է ունեցել «Դեպի Պառնաս» գրական փառատոնը՝ «Երևան գարուն 2026» խորագրով։ Փառատոնին մասնակցել են Հայաստանում, Վրաստանում և սփյուռքում բնակվող գրական շրջանակների բանաստեղծներ և գրողներ։ Մասնակիցներ են եղել նաև Ռուսաստանից։
Նինոծմինդայի մունիցիպալիտետից փառատոնին մասնակցել են Ռիմա Մկրտչյանը, Սոս Մանանդյանը և Սերգո Մադոյանը։
Ինչպես NOR-ի հետ զրույցում նշեց «Հայարվեստի տուն» գրական-երաժշտական, երգիծական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Մելսիդա Հակունցը, մասնակիցների ստեղծագործությունները ընթերցվել են, ներկայացվել են նրանց կենսագրությունները, ինչից հետո ժյուրին որոշել է, որ նրանք արժանի են ստանալու հավաստագրեր՝ Պոեզիայի համաշխարհային փառատոնին մասնակցելու համար։
Մելսիդա Հակունցի խոսքով՝ ներկայում բազմաթիվ բանաստեղծներ գտնվում են դժվար վիճակում, քանի որ պետական հովանավորության բացակայության պատճառով նրանց ստեղծագործությունները չեն տպագրվում և մնում են անտիպ։ Նա կարևորում է, որ այդ գործերը հասանելի դառնան լայն ընթերցողին։
«Որպես մեր կազմակերպության նախագահ՝ ես իմ առջև նպատակ եմ դրել, որ միասնական ուժերով կարողանանք գրքեր հրատարակել։ Արդեն լույս է տեսել «Ջավախքյան կանչեր» գրքի առաջին հատորը, իսկ երկրորդ հատորը պատրաստ է տպագրման, սակայն դեռ չի հասցվել տպարան»,– նշեց նա։

Մելսիդա Հակունցը նաև հավելեց, որ ֆինանսական խնդիրների պատճառով աշխատանքներն իրականացվում են գրասենյակային պայմաններում՝ հեղինակները ներկայանում են, իսկ ժյուրին նրանց ներկայությամբ ընթերցում է ստեղծագործությունները։ Բացի այդ, կիրառվում է նաև առցանց ձևաչափ, եթերների միջոցով ներկայացվում են մասնակիցների ստեղծագործությունները, և հանդիսատեսի արձագանքների, հավանությունների ու մեկնաբանությունների հիման վրա ձևավորվում է գնահատականը։

Փառատոնի արդյունքում բոլոր բանաստեղծները պարգևատրվել են հավաստագրերով և պատվոգրերով։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղից բանաստեղծուհի Ռիմա Մկրտչյանը նշում է, որ հանդիպման օրերին առողջական խնդիրների պատճառով չի կարողացել մասնակցել միջոցառմանը։ Նրա փոխարեն Մելսիդա Հակունցը, օնլայն տարբերակով ստանալով նորաստեղծ բանաստեղծությունները, ներկայացրել է դրանք։ Կարևորն այն էր, որ գնահատվեր ստեղծագործությունների որակը, և հենց այդպես էլ Մկրտչյանի գործերը ներկայացվել ու գնահատվել են, ինչի արդյունքում նա արժանացել է մրցանակի։


