
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ Հովսեփ Քաշանյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025»-ի հաղթողներից է։ Նրա գիտական աշխատանքը նվիրված է ժամանակակից ֆիզիկայի և ինժեներական տեխնոլոգիաների ամենաարագ զարգացող ուղղություններից մեկին՝ մետակառուցվածքների միջոցով տերահերցային ալիքների կառավարմանը։ «Իմ նախագծի նպատակն է մշակել երկշերտ մետակառուցվածք (bilayer metasurface)՝ VO₂ նյութի կիրառմամբ, որն աշխատելու է որպես լայնաշերտ և կարգավորվող տերահերցային կասեցնող զտիչ (bandstop filter)»,- ասում է Հովսեփը։
Վերջին տարիներին տերահերցային (THz) տիրույթը դարձել է նոր սերնդի տեխնոլոգիաների առանցքային ուղղություններից մեկը։ Հովսեփի խոսքով՝ այն առանձնանում է տվյալների փոխանցման բարձր արագությամբ, փոքր ուշացումներով և մեծ թողունակությամբ, ինչը այն դարձնում է ապագա 6G կապի համակարգերից մեկը։
Սակայն ոլորտում առկա է կարևոր խնդիր՝ համապատասխան սարքերի և մետակառուցվածքների սահմանափակ հասանելիությունը։ Հենց այս բացը լրացնելուն է ուղղված Հովսեփ Քաշանյանի հետազոտությունը։

Հետազոտության շրջանակում առաջ են քաշվում մի շարք կարևոր գիտական հարցեր։ Մասնավորապես, ուսումնասիրվում են մետակառուցվածքային զտիչների հաճախականային հատկությունները և դրանց կառավարումը տարրերի ձևի, երկրաչափության և կառուցվածքային փոփոխությունների միջոցով։
Բացի դրանից՝ նախատեսվում է մշակել տեսական մոդել և լավարկել զտիչի բնութագրերը, ինչպես նաև ուսումնասիրել միջավայրի դիէլեկտրական հատկությունների ազդեցությունը սարքի աշխատանքի վրա։ Կատարվում է նաև VO₂ շերտերի կամ հաղորդիչ կառուցվածքների հաղորդականության փոփոխման միջոցով զտիչի հաճախականային հատկությունների ակտիվ կարգավորում։
Հովսեփ Քաշանյանի հետազոտության վերջնական նպատակն է ստեղծել լիարժեք աշխատող մետակառուցվածքային զտիչ, որը կունենա բարձր արդյունավետություն և կարգավորվող հատկություններ։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախագծի գիտական արդյունքները հնարավոր է կիրառել ապագայում, ասպիրանտը պատասխանեց. «Նման համակարգերը կիրառական մեծ նշանակություն ունեն. THz տիրույթը համարվում է հաջորդ սերնդի 6G հաղորդակցության հիմքը։ Ներկայում ոլորտում առկա է սարքերի և տեխնոլոգիաների պակաս, ուստի առաջարկվող լուծումը կարող է դառնալ այդ բացը լրացնող տեխնոլոգիաներից մեկը»։
Ըստ նրա՝ այսօրինակ համակարգերը կարող են լայն կիրառություն գտնել մի շարք ոլորտներում՝ հեռահաղորդակցություն, սենսորային համակարգեր, անվտանգության տեխնոլոգիաներ։
Ներկայում աշխատանքները մոդելավորման փուլում են։ Օգտագործվում են ժամանակակից սիմուլյացիոն գործիքներ՝ նախագծման, հաճախականային վերլուծության և պարամետրերի օպտիմալացման համար։

Հովսեփ Քաշանյանի սերը գիտության նկատմամբ ձևավորվել է դեռ մանկուց՝ տեխնոլոգիաների հանդեպ ունեցած հետաքրքրությունից։ Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում նրա սիրելի առարկաներն էին, և դրանց համադրությունն էլ նրան ուղղորդել է դեպի ռադիոֆիզիկայի ոլորտ։
Նրան գրավում են տեխնոլոգիական բարդ խնդիրները և դրանց լուծման գործընթացը, իսկ նոր գաղափարների հիմնական աղբյուրը ժամանակակից գիտական մարտահրավերներն են։ Միևնույն ժամանակ, երիտասարդ գիտնականի համար ամենամեծ մարտահրավերներից մեկը ժամանակի արդյունավետ կառավարումն է՝ համատեղելով ուսումը և ինժեներական աշխատանքը։
Այժմ նա սովորում է ասպիրանտուրայում՝ զուգահեռաբար աշխատելով որպես ավագ ճարտարագետ։
«Կարևորում եմ նման ծրագրերի դերակատարումը երիտասարդ գիտնականների համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս կյանքի կոչելու սեփական գաղափարները, ապահովում են անհրաժեշտ ռեսուրսներ և խթանում գիտական զարգացումը»,- ասում է ԵՊՀ ասպիրանտը, որի գլխավոր նպատակը նախագծի ամբողջական իրականացումն է՝ հասնելով ֆիզիկապես աշխատող համակարգի ստեղծմանը։
Նյութը ԵՊՀ-ի պաշտոնական էջից։ ysu.am

