Այսօր՝ մարտի 12-ին, Երևանում կայացավ «Երիտասարդ Հայուհի 2026» մեգա նախագիծը, որը կազմակերպվել էր Հակոբյաններ համահայկական կենտրոնի կողմից։ Նախագծին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած մասնակիցներ՝ ներկայացնելով իրենց մշակույթն ու անհատականությունը։
Ջավախքի ներկայացուցիչներ՝ Աննա, Վիկտորիա և Ալլա Գիգոլովաները, ովքեր Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ախալի Խուլգումո (Տամբովկա) գյուղից են, հանդես եկան գեղեցիկ դեֆիլեով և հայկական պարով՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ու ոգևորիչ արձագանքին։
Պարուսույց Կիմա Պալյանի խոսքով՝ միջոցառման ընթացքում ազգային հայկական տարազը կարևոր և խորհրդանշական դեր ուներ։
«Այն ոչ միայն ընդգծել է միջոցառման ազգային ոգին, այլև ներկայացրել հայկական մշակույթի հարստությունն ու բազմազանությունը։ Տարազներով հանդես եկող մասնակիցները ցույց տվեցին իրենց կապը ազգային արմատների հետ՝ միաժամանակ փոխանցելով ավանդույթներն ու արժեքները նոր սերնդին»,- հավելեց Կիման։
Աննան և Վիկտորիան հաջողությամբ հաղթահարել են մրցույթի փուլը և անցել եզրափակիչ փուլ որը կկայանա մայիս ամսին։
«Տարբեր երկրներից ժամանած մասնակիցների կողմից հայկական տարազի ներկայացումը դարձավ մշակութային միասնության վառ օրինակ՝ միավորելով բոլորին մեկ գաղափարի շուրջ՝ պահպանել և տարածել հայկական ինքնությունը։ Միջոցառման ընթացքում տարազը նաև բարձրացրեց բեմական ելույթների գեղարվեստական արժեքը՝ դարձնելով դրանք առավել տպավորիչ և հիշարժան»,- ասաց Կիման։
Տեսանյութ․
