Օրոջալարի ջրի մեջ խեղդվող դպրոցը. դասարանները լուռ են, կաթիլները՝ խոսում

Օրոջալարի ջրի մեջ խեղդվող դպրոցը. դասարանները լուռ են, կաթիլները՝ խոսում

Ապրիլի 14-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի բնակիչները հավաքվել էին գյուղի Հանրային դպրոցում և դիմել NOR ռադիոկայանին՝ խնդրելով լուսաբանել, դպրոցի շուրջ ստեղծված վիճակը։ Դպրոցի վերանորոգման համար հայտարարվել էր մրցույթ, աշխատանքները սկսվել էին ու թողնվել կիսատ, սակայն ներկայումս ոչ մի վերանորոգման աշխատանքներ չեն տարվում իսկ շենքը ծայրահեղ վատ վիճակում է։

Ներկայումս Օրոջալարի աշակերտները ստիպված են հաճախել Նինոծմինդայի դպրոցներ, ինչը լրացուցիչ դժվարություններ է առաջացնում ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների համար։

«Մեզ լրջորեն մտահոգում է դպրոցի ներկայիս վիճակը։ Ձմռանը եկան, կտուրը քանդեցին, սակայն աշխատանքները չշարունակեցին։ Հետագայում մրցույթը շահած կազմակերպությանը մեղադրեցին, թե իբր կտուրը ծուռ է, և չթույլատրեցին աշխատանքներն ավարտին հասցնել։ Դպրոցի երկրորդ հարկն արդեն սկսում է քանդվել։ Մենք բազմիցս դիմել ենք համապատասխան մարմիններին, սակայն մեզ մշտապես ասում են՝ «չմտահոգվեք, հարցը կլուծվի»։ Բայց սա այնպիսի խնդիր չէ, որ չմտահոգվենք, քանի որ դպրոցը քանդվում է։ Մեծ դժվարություն է նաև երեխաների համար այլ դպրոց հաճախելը, նրանք չեն հասցնում լիարժեք պատրաստվել դասերին, հոգնում են, և ուշ են վերադառնում տուն։ Մեր գյուղացիները տարիներ շարունակ սեփական ուժերով բազմաթիվ վերանորոգման աշխատանքներ են իրականացրել դպրոցի համար։ Եթե գործը սկսել են, թող բարեհաճեն այն ավարտին հասցնել, որպեսզի մեր դպրոցը չքանդվի»,- նշում է բնակիչը։

Մեկ այլ բնակիչ էլ հավելում է, որ ներկայումս մրցույթը չի շարունակվում, քանի որ «Էներջի» ընկերությունն իր վրա վերցրած աշխատանքներն արդեն կատարել է և դեմ չէ վերանորոգման շարունակմանը։ Նրա խոսքով՝ Նինոծմինդայի քաղաքապետարանից եկել և հայտարարել են, թե կտուրը ծուռ է, այդ պատճառով աշխատանքները չեն ընդունում։ Իսկ «Էներջի»-ն պատասխանել է, որ իրենց պայմանագրով նախատեսված աշխատանքների ցանկում կտուրի վերանորոգումը ներառված չէ, և անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում՝ աշխատանքները շարունակելու համար։

«Այս պահին մեզ այլևս ոչինչ չի հետաքրքրում, պահանջում ենք, որ խնդրին շուտափույթ լուծում տրվի, որպեսզի դպրոցը չքանդվի։ Թող վերանորոգեն մեր դպրոցը, որպեսզի մեր աշակերտները կրկին իրենց դպրոց հաճախեն»,- ընդգծում են բնակիչները։

NOR-ը կապ հաստատեց նաև Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ, ով նշեց․

«Նոր մրցույթ է հայտարարվելու։ Այս շաբաթվա ընթացքում սպասում ենք գնումների գործակալության թույլտվությանը, որպեսզի հայտարարվի նոր մրցույթ։ Նախորդը չեղարկվել է, և կհայտարարվի նորը՝ աշխատանքներն իրականացնելու համար»։

Մանրամասները տեսանյութում՝

Նշենք, որ Օրոջալարի հանրային դպրոցի վերականգնողական աշխատանքների նախագծի ընդհանուր գնահատված արժեքը՝ 495 247 լարի էր ներառյալ ԱԱՀ-ն։

Ֆինանսավորման աղբյուրը՝ պետական ​​բյուջե՝ 100%: Մրցույթը շահել էր «Էներջի» ՍՊԸ-ն 396 198 լարի գումարով։

NOR ռադիոկայանը կլինի հետևողական իրադարձությունների զարգացմանը և կլուսաբանի հետագա նյութերում։