Հուլիսի 1-ից սննդի օբյեկտներում պլաստիկ շշերը կարգելվեն

Հուլիսի 1-ից սննդի օբյեկտներում պլաստիկ շշերը կարգելվեն

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը տեղեկություն է տարածել 2026 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունների մասին, որոնք արգելում են հանրային սննդի օբյեկտներին սպառողներին ըմպելիքներ մատուցել պլաստիկ շշերով, նույնը նաև սննդի դեպքում՝ պլաստիկ ամաններով և տարաներով։

Նախարարությունը ևս մեկ անգամ հայտնել է, որ 2026 թվականի ապրիլի 1-ից Վրաստանում արդեն արգելվել է մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի, բաժակների, ափսեների, դանակների, գդալների և ձողիկների ներկրումն ու իրացումը, ինչին հուլիսի 1-ից կավելանա նաև հանրային սննդի օբյեկտներում պլաստիկ շշերով ըմպելիքների վաճառքի արգելքը։ Հետևաբար, հուլիսի 1-ից ընկերությունները ստիպված կլինեն սպառողներին սպասարկել ալյումինե տարաների կամ ապակյա շշերի միջոցով։ Միաժամանակ նախարարությունը նշել է, որ պլաստիկ շշերի ամբողջական արգելքը հետաձգվել է և ուժի մեջ կմտնի 2031 թվականից։

2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ արգելված է.

• Պլաստիկ պատառաքաղների, դանակների, գդալների, ափսեների, ձողիկների, խառնիչների, նաև փրփրապլաստից (EPS) սննդի տարաների/բաժակների և դրանց կափարիչների արտադրությունը (բացի արտահանման նպատակից), ներկրումը և շուկայում տեղադրումը։

• Պետական գնումների շրջանակներում պլաստիկ բաժակների, տարաների և մինչև 3 լիտր տարողությամբ պլաստիկ շշերով ըմպելիքների ձեռքբերումը։

2026 թվականի հուլիսի 1-ից կարգելվի.

• Հանրային սննդի օբյեկտների պատրաստի սննդի մատուցումը մեկանգամյա պլաստիկ տարաներով և բաժակներով։

• Հանրային սննդի օբյեկտների` սպառողներին պլաստիկ շշերով ըմպելիքների մատուցումը։

2031 թվականի փետրվարի 1-ից կարգելվի.

• Պլաստիկ շշերով ըմպելիքների արտադրությունը (բացի արտահանման նպատակից), ներկրումը և շուկայում տեղադրումը։ Արգելքը չի տարածվի 3 լիտր և ավելի տարողությամբ խմելու ջրի և 20 լիտր ու ավելի տարողությամբ այլ ըմպելիքների վրա։

Նշված կանոնակարգերի կատարման վերահսկողությունը կիրականացնեն Սննդի ազգային գործակալությունը, Բնապահպանական վերահսկողության դեպարտամենտը և Եկամուտների ծառայությունը։

Պահանջների խախտումը կհանգեցնի տուգանքի 1000 լարիի չափով և արտադրանքի բռնագրավման, իսկ կրկնակի խախտումը՝ 2000 լարի տուգանքի և բռնագրավման։